Այն մեղադրանքը, թե ՀԱԿ-ը չի քննադատում ԲՀԿ-ին և բարձրացնում է ԲՀԿ-ին՝ խանդի դրսևորում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ մաս կազմող ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի և «Շանթ» հ/ը պատվերով ապրիլի 4-13-ը 1600 քաղաքացիների շրջանում իրականացված հարցումներին:
Նա նշեց, որ իշխանությունները տեսնելով իրենց անելանելի վիճակը, փորձում են միջազգային հանրության ականջները սովորեցնել այդ սուտ թվերին, այդ կեղծիքներին, թե իրենք 50-60% ձայն ունեն: Ըստ նրա` եթե սոցիոլոգիական հարցումներում նման տվյալներ են հրապարակվում, ուրեմն պատրաստվում են այդքան կեղծել: Գ. Եղիազարյանի խոսքով` փորձ է արվում այնպես անել, որ օրինակ՝ 40% ձայն ունենալու դեպքում ասեն, թե գոհ են, քանի որ մարդիկ ասում էին, որ ՀՀԿ-ն 60% է ունենալու, ուրեմն արդար ընտրություններ են եղել, իսկ իրականում, ՍԴՀԿ անդամի համոզմամբ, 2% էլ չունեն:
Նրա մեկնաբանությամբ՝ «Շանթը», որը լիցենզիա ունեցող հեռուստաընկերություն է, միանշանակ ունի իշխանությունների «այո»-ն: «Կանչում են, գումար են տալիս, և այդ գումարներով սրանց համար պատվերներ են կատարում, ապագա կեղծիքներն են ապահովագրում: Սա ես կանվանեի ապագա կեղծիքների ինշուրանս: Կա երկու փաստ. առաջին փաստն այն է, որ 60% մենք հավաքող ենք, եթե Հայաստանում լինեն արդար ընտրություններ, եթե դիակները, գերեզմանոցից դուրս եկած հանգուցյալները չքվեարկեն ՀՀԿ օգտին և եթե հայրենիքը լքած 700 հազար մարդիկ չգան քվեարկության, եթե այս ամենը չլինի՝ մենք մեր 60%-ը կստանանք»,- նկատեց Գուրգեն Եղիազարյանը:
Արձագանքելով Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի տնօրեն Վալերի Ֆյոդորովի այն դիտարկմանը, թե ԲՀԿ-ն և ՀԱԿ-ն այժմ աշխատում են դժգոհ ընտրազանգվածի վրա, և եթե ՀԱԿ-ը չի քննադատում ԲՀԿ-ին և չի աշխատում դրա դեմ, ապա ավելի լավ ԲՀԿ համար, Գ. Եղիազարյանն ասաց, որ նմանատիպ հայտարարությունները խանդի դրսևորումներ են և կոալիցիոն շարքերը կուռ պահելու միտումներ:









































