«Ալ-Կաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի առաջնորդի եղբայր Այման Ազ-Զավահիրի Մուհամմեդը ուրբաթ օրը մասնակցել է Թահրիր հրապարակում զինվորական իշխանությունների դեմ ցույցին։ Այս մասին հաղորդել է եգիպտական «Ալ-Ահրամ» թերթը:
Թերթի տվյալներով՝ Մուհամմեդ Ազ-Զավահիրին եկել է «Ալ-Գամաա Ալ-Իսլամիա» խմբավորման 300 կողմնակիցներով շրջապատված :
Ազ-Զավահիրի կողմնակիցները ցույցի ժամանակ Եգիպտոսում իսլամական պետություն ստեղծելու մասին կարգախոսներ էին բղավում:
Մեկ ամիս առաջ Եգիպտոսի ռազմական տրիբունալն արդարացրեց Մուհամմեդ Ազ-Զավահիրին, ով մեղադրվում էր ծայրահեղականության, ինչպես նաև՝ ավելի քան 30 տարի առաջ Եգիպտոսի նախագահ Անվար Սադատի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ: Հոսնի Մուբարաքի վարչակարգի տապալումից հետո, Զավահիրից բացի, ազատության մեջ հայտնվեցին նաև տասնյակ իսլամիստներ:
Ուրբաթ օրը տասնյակ հազարավոր եգիպտացիներ հավաքվել էին Թահրիր հրապարակում` մասնակցելով լիբերալ երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպված ցույցին: Սակայն հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ հրապարակը վերահսկելու են իսլամիստները:
Միակ միասնական պահանջը, որը հնչել է Թահրիրում՝ քաղաքական ուժերի մեծ մասի կողմից, նախկին վարչակարգի ներկայացուցիչներին` նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկին և ԱՊԼ նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսային նախագահական ընտրությունների մրցավազքից հեռացնելն է:









































