Եվրամիությունը ապրիլի 23-ին Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի: Այս մասին, ըստ Reuters-ի, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության մամլո քարտուղար Բեռնար Վալերոն: Պատժամիջոցները կվերաբերեն լյուքս դասի ապրանքների ու հումքի արտահանմանը:
Նոր պատժամիջոցները կկիրառվեն, քանի որ սիրիական իշխանությունները շարունակում են անտեսել ՄԱԿ-ի ու ԱՊԼ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի` քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված խաղաղ նախաձեռնությունները:
Մասնավորապես, Սիրիայում այդպես էլ չեն դադարեցվել ռազմական գործողությունները, չնայած այն բանին, որ իշխանությունները հայտարարել էին զենքերը վայր դնելու պատրաստակամության մասին: Սիրիայից շարունակում են լուրեր գալ երկու կողմերի բախումների ու զոհերի մասին:
Սիրիայի նկատմամբ արդեն գործում են ԵՄ-ի մի շարք տնտեսական պատժամիջոցներ:
Սիրիայի արտարժույթի պահուստները, որոնք մինչ պատժամիջոցները կազմում էին 17 մլրդ դոլար, կրկնակի կրճատվել են:
Բացի այդ, դրանք լուրջ վնասել են սիրիական նավթային ոլորտին, քանի որ նավթի 90 տոկոսը Սիրիան վաճառում էր ԵՄ-ին: Նավթի վաճառքի կրճատումից վնասը կազմել է 2 մլրդ դոլար:
Հիշեցնենք, ոչ 2011 թ. մարտից Սիրիայում շարունակվում է կառավարական զորքերի ու ընդդիմության հակամարտությունը, որը վերաճել է լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի:











































