Իսպանիայի էկոնոմիկայի նախարար Լուիս դե Գինդոսը հերքել է այն ենթադրությունը, որ իր երկրի բանկերը չեն կարող առանց ֆինանսական աջակցության և ստիպված կլինեն դիմել Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամին՝ վերաֆինանսավորման պահանջարկը ծածկելու համար: Իսպանացի քաղաքական գործիչը նման կարծիք է հայտնել գերամանական տնտեսական պարբերականին տված հարցազրույցում:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, դե Գինդոսը չհիմնավորված է համարել Իսպանիայում տնտեսական ճգնաժամի սրման հետ կապված մտավախությունները՝ նշելով, որ ֆինանսական շուկաներում վստահության կորուստը պայմանավորված է կոմունիկացիաների հետ կապված խնդիրներով: «Առայժմ Իսպանիայի իշխանություններին չի հաջողվել հասանելի ձևով բացատրել՝ ինչ ծավալով են իրականացվել բարեփոխումները»,- ասել է նա:
Իսպանիայի կառավարությունը վերաֆինանսավորման գործում բանկային սեկտորի պահանջարկը գնահատում է 50 մլրդ եվրո: Սակայն ներդրողները կասկածում են այդ թվի օբյեկտիվության վրա: Դե Գինդոսի խոսքերով՝ այդ կասկածների պատճառը կապված է եվրոգոտում պարտքային ճգնաժամի սրման հնարավորության հետ: «Դեպքերի նման զարգացումը կբարդացնի բյուջետային կոնսոլիդացիայի անցկացման ծրագիրը, և ամենաուղղակի ազդեցությունը կունենա բանկային սեկտորի վրա»,- ասել է նա:
Դե Գինդոսը շեշտել է «ճիշտ տեմպ» պահպանելով կոշտ տնտեսական միջոցառումներ անցկացնելու անհրաժեշտությունը: «Անհրաժեշտ է բյուջետային կոնսոլիդացիայի ծրագրերն իրականացնել այնպես, որպեսզի դրանք չխոչընդոտեն տնտեսական աճին»,- նշել է քաղաքական գործիչը:











































