Ռոբերտ Մասումյանը Գագիկ Ծառուկյանին պարտք չէ: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԲՀԿ նախկին անդամ, թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Ռոբերտ Մասումյանի նախընտրական շտաբի պետ Գառնիկ Բաբայանն` անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի այն հրապարակմանը, ըստ որի՝ «Հայրենիք» կինոթատրոնում տեղակայված ԲՀԿ շտաբում օրերս Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նախկին ԲՀԿ-ական, այժմ ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանին՝ Բենզին Ռուբոյին: «Նա ասել է, որ ինքը Բենզին Ռուբոյին ամենախիստ ձևով է պատժելու: «Ականջները կտրելու եմ», -հայտարարել է նա: Ծառուկյանը ասել է նաև, որ երբ Մասումյանը ԲՀԿ-ական Է եղել, իրենից մի անգամ 30 հազար, մի անգամ Էլ 50 հազար դոլար է խնդրել՝ առողջական խնդիրները լուծելու համար, սակայն գումարը բոլորովին այլ տեղ է ծախսել»,- գրել էր թերթը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գառնիկ Բաբայանն ասաց, որ Մասումյանը միշտ ավելի բարձր է գտնվում և չի արձագանքում ստահոդ տեղեկություններին, ոչ մի պատասխան չի տվել և չի էլ պատրաստվում տալ:
Ռոբերտ Մասումյանի նախընտրական շտաբի պետը տեղեկացրեց, որ ինքը ևս տեղյակ է այդ խոսակցություններին և կասի, որ Մասումյանը բազմիցս իր ելույթների, հարցազրույցների ժամանակ ասել է, որ ինքը ոչ մեկի ոչինչ պարտք չէ. «Եթե մեկը մյուսին պարտք է լինում, գալիս ասում է. «իմ պարտքը տուր»: Պարոն Մասումյանը ոչ ոքի, առավել ևս պարոն Ծառուկյանին պարտք չէ: Դա ավելորդ ցեխ շպրտելու, բնակիչներին, ընտրողներին ապակողմնորոշելու, ինտրիգներ անելու, ստահոդ խոսակցություններ են: Ի՞նչ է նշանակում 30 հազար վերցրել է, այդպիսի բան գոյություն չունի, վերցրել է–չի վերցրել, բայց այսօր պարտք չէ ոչ ոքի, նամանավանդ՝ ԲՀԿ-ին և պարոն Ծառուկյանին»,- մանրամասնեց Գառնիկ Բաբայանը:
Արձագանքելով թերթի հրապարակման այն հատվածին, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Մասումյանին պատժելու է ամենախիստ ձևով և ասել , թե. «ականջները կտրելու եմ»` ասաց . « Փաստեր ունե՞ք, որ այդպիսի արտահայտություններ է արել Ծառուկյանը, թե՞ լսելով եք ասում: Ես չեմ կարծում, որ Ծառուկյանը նման բան է ասել, քանի որ նա լուրջ անձնավորություն է, ով ունի իր տակտը և խելացի է. կուլտուրական մարդը իրեն չի կարող նման բան թույլ տալ»:











































