ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Մելիսա Ֆլեմինգը հայտարարել է, որ Սիրիայի փախստականների համար միջոցներ հավաքելու հարցում իրենք լուրջ խնդիրների առաջ են կանգնած: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով վարչության կոմյունիկեն:
«Մեկ ամիս անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և մարդասիրական հարցերով նրա գործընկերները կոչ արեցին հավաքել 84 մլն դոլար՝ Հորդանանի, Լիբանանի, Թուրքիայի և Իրաքի սիրիացի փախստականներին օգնություն տրամադրելու համար, հավաքվել է այդ գումարի ոչ ավել քան 20 %-ը»,- ասելէ Ֆլեմինգը:
Նրա խոսքերով՝ օգնություն տրամադրող 34 կազմակերպություններից միջոցներ են ստացվել միայն 8-ից: Հավաքված ամբողջ գումարը կազմում է 15.6 մլն դոլար:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչության տվյալների համաձայն՝ վերոհիշյալ երկրներում օգնության կարիք ունեն ավելի քան 61 հազար սիրիացի փախստականներ, որոնցից շատերն այս երկրներ են եկել ոչ մեծ քանակությամբ գումարով կամ ընդհանրապես առանց գումարի, ուստի նրանք տեղի իշխանությունների և մարդասիրական կազմակերպությունների օգնության կարիքն ունեն:
Չնայած ֆինանսավորման պակասին՝ վարչությունը և նրա գործընկերները շարունակում են իրականացնել փախստականներին օգնություն տրամադրելու ծրագիրը, մասնավորապես՝ նրանց պարենամթերք, վրաններ, ծածկոցներ և այլ անհրաժեշտ իրեր ուղարկելով։










































