Haber Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Կատար մեկնելուց առաջ օդանավակայանում մեկնաբանել է 1997 թվականի փետրվարի 28-ին Թուրքիայում իրականացված հետմոդեռնիստական հեղաշրջման գծով ձերբակալությունների երկրորդ ալիքը.
«Երկրի յուրաքանչյուր բնակիչ գիտի, որ այդ հեղաշրջումների համար երկիրը ստիպված է լինում վճարել: 2010 թվականի սեպտեմբերի 12-ի հանրաքվեի ժամանակ տրված խոստումները կատարվում են: Նրանք, ովքեր հրապարակներում մեզ քննադատում էին, թե մենք դատարկ խոստումներ ենք տալիս, տեսան բոլոր նրանց իրավացիությունը, ովքեր աջակցեցին այդ հանրաքվեին: Հուսով եմ, որ արդարությունը կհաղթանակի»:
Հիշեցնենք, որ այս տարեսկզբին Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիայում անցել են հեղաշրջումների ժամանակները: Ի դեպ, մինչև 2010 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացումը, ռազմական հեղաշրջումների կազմակերպիչներն օգտվում էին անձեռնմխելիությունից՝ համաձայն Սահմանադրությունում մտցված 15-րդ ժամանակավոր հոդվածի։ Սակայն հանրաքվեի արդյունքում այդ հոդվածը վերացվեց, որով և հնարավոր դարձավ ռազմական հեղաշրջումների կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելը։











































