«Ես, ինչպես խոստացել եմ, չեմ բացառում կուսակցության շարքերից դուրս գալու և դիմում ներկայացնելու հանգամանքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ՕԵԿ նախկին մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանն այսպես արձագանքեց մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե դեռ ՕԵԿ-ից դուրս գալու դիմում չի գրել, մինչ այս պահը կուսակցության համամասնական ցուցակի 36-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Տեղեկություններ կային, որ Սուսաննա Աբրահամյանը ընտրություններից հետո վերադառնալու է ՕԵԿ, իսկ մամուլի քարտուղարի լիազորությունները վայր դնելը պայմանավորված է եղել որոշ ԶԼՄ-ների հետ ունեցած խնդիրներով: Այս առնչությամբ Ս. Աբրահամյանն ասաց. «Ի՞նչ խնդրի մասին է խոսքը, սա պարզապես լրագրողական օգտագործված հնարանք, անհեթեթություն է, լրագրողն իր սեփական մեկնաբանությունը փորձել է հրամցնել: Բացառում եմ նորից ՕԵԿ վերադառնալը: Կուսակցությունը իր քայլով՝ համամասնական ցուցակի 36-րդ համարը Սուսաննա Աբրահամյանին գրանցելով, բացառեց իմ վերադարձը կուսակցություն»:
Երբ հետաքրքրվեցինք, թե ինչու մինչև այժմ կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել, պատասխանեց. «Ես չեմ հայտարարել ապրիլի 7-ին, այլ «Ժողովուրդ» թերթն էր այդպես հրապարակել` սեփական նախաձեռնություն ցուցաբերելով: Ինչ վերաբերում է ուշացնելու հանգամանքին, քանի որ այսօր խիստ զբաղված եմ, միջազգային կառույցներին ծրագրեր եմ ներկայացնում, և աշխատանքս ավելի ծանրաբեռնված է, երկրորդական պլան է մղվել դիմում ներկայացնելը: Առաջիկայում հաստատ ներկայացնելու եմ»:
Խնդրեցինք կոնկրետացնել, թե ինչ նկատի ունի առաջիկա ասելով` առաջիկա շաբաթվա՞, ամսվա՞ ընթացքում: «Առաջիկան շատ առջևում է, ես կներկայացնեմ, դուք կարող եք հետևողական լինել, ես սիրով կպատասխանեմ»,- պատասխանեց նա:
Ս. Աբրահամյանն ասաց նաև, որ ունի «Կնոջ իրավունք» հասարակական կազմակերպություն և առաջնահերթ կարևորությունը տվել է այդ ծրագրերին, որի հետևանքով էլ երկրորդական պլան մղվել դիմում ներկայացնելը:
Հարցրինք նաև, թե ինչու է մինչ այժմ ՕԵԿ-ի համամասնական ցուցակում, ինչու ինքնաբացարկ չի ներկայացնում: «Իսկ պարտադի՞ր է ինքնաբացարկ ներկայացնելը: Քանի որ ես իմ որոշումներում շտապողականություն չեմ դրսևորում, առայժմ, այո, ինքնաբացարկ չեմ ներկայացրել, այդ ուղղությամբ ես մտածում եմ, սակայն առաջնահերթությունը տալիս եմ կուսակցության շարքերից դուրս գալու հանգամանքին»,- հայտարարեց ՕԵԿ-ի նախկին մամուլի խոսնակը:
Հետաքրքրվեցինք նաև, թե նեղացած չէ՞ կուսակցոսւթյունից. «Ես վաղուց դուրս եմ եկել նեղացած լինելու տարիքից, այստեղ իմ պրոֆեսիոնալիզմի տեսանկյումից եմ գնահատել հանգամանքը, այսինքն՝ չի կարևորվել այն ինստիտուտը, օղակը, որը ես ժամանակին ղեկավարել եմ: Էստեղ նեղացած լինելը շատ փոքր հանգամանք է»:







































