Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Բրյուսելից մեկնել է Փարիզ, ուր մասնակցելու է «Սիրիայի բարեկամների» խմբի 3-րդ հանդիպմանը (նախորդ երկու հանդիպումները տեղի են ունեցել Թունիսում ու Թուրքիայում):
Նշվում է, որ սա Դավութօղլուի առաջին ֆրանսիական այցն է երկու երկրների միջև վերջին շրջանում գրանցված ճգնաժամից հետո, ինչը պայմանավորված էր Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ:
Դավութօղլուն Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ սիրիական բանակը, կրակ բացելով, խախտել է Թուրքիայի սահմանը, իսկ Սիրիայում սպանդից խուսափելու համար Թուրքիա է ժամանել 25,000 սիրիացի փախստական:











































