Մոսկվան բացասաբար է վերաբերվում հինգշաբթի Փարիզում կայանալիք տարբեր երկրների արտգործնախարարների «միակողմանի» հանդիպումներին, որոնք ուղղված են Սիրիայում իրավիճակը քննարկելուն: Ամեն ինչից դատելով` այդ հանդիպման մասնակիցները հետաքրքրված չեն Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսություն սկսելով: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Կարող եմ հավաստել, որ տվյալ միջոցառման հրավիրատոմսը մենք ստացել են: Ֆրանսիական կողմին պատասխանը ևս ուղարկված է: Այն բացասական է: Կազմակերպիչները երևի այնքան էլ չեն սպասել Փարիզ մեր այցին, քանի որ հղել են հրավիրատոմսերը իրադարձությունից երկու օր առաջ»,- ասել է Լուկաշևիչը:
Նա նշել է, որ Ռուսաստանի մոտեցումը նման բնույթի հանդիպումներին վաղուց հայտնի է:
«Մոսկվան կոչ է անում բոլոր նրանց, ովքեր իրոք ցանկանում են դադարեցնել սիրիական ժողովրդի տառապանքը, արյունահեղությունը և ապահովել երկրի խաղաղ ու ժողովրդավարական զարգացումը, չզբաղվել քաղաքական հակակառուցողական ինքնագործունեությամբ, այլ գործնական միջոցներով օգնել Անանի ջանքերին»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը:











































