Վաղը՝ ապրիլի 20-ին, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայանալիք բողոքի ակցիային մասնակցելու պատրաստակամություն են հայտնել շուրջ 50 կուսակցություն և երիտասարդական հեղափոխական շարժում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով եգիպտական հեռուստաընկերության կայքին:
Կազմակերպիչների խոսքերով՝ ակցիան ամբողջությամբ զուրկ կլինի կուսակցական երանգից: «Երկրի բոլոր քաղաքական ուժերը պետք է հանդես գան միասնական ճակատով՝ ընդհանուր պահանջների աջակցությամբ»,- հայտարարում են մասնակիցները:
Այս պահին համաձայնեցվել են ակցիայի 6 գլխավոր պահանջները. իրականացնել 2011 թ. հունվարյան հեղափոխության խնդիրները, ազատ արձակել քաղբանտարկյալներին, արգելել քաղաքացիական անձանց դատը ռազմական տրիբունալներում, փոփոխություններ մտցնել Սահմանադրական հռչակագրի 28-րդ հոդվածում (այն վերաբերում է սահմանադրության մշակման հանձնաժողովի ձևավորմանը), որպեսզի այն արտահայտի Եգիպտոսի ամբողջ հանրության շարհերը, երկրի ղեկավարությունից և նախագահական ընտրապայքարից հեռացնել տապալված նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց:
«Ճակատագրի որոշում» անունը կրող ակցիային իրենց մասնակցության մասին հայտնել են երկրի առավել հայտնի երիտասարդական հեղափոխական շաժումները (Հեղափոխական երիտասարդության միություն, Ապրիլի 6-ի շարժում) և կուսակցությունները՝ «Վաֆդ» (լիբերալներ), «Ազատություն և արդարություն կուսակցություն» («Մուսուլման եղբայրներ»), «Ալ-Նուր» (սալաֆիներ), «Ալ-Գամաա Ալ-Իսլամիա» իսլամիստական խմբավորումը:









































