Այն մասին, որ լրագրությունը ԱՄՆ-ում այլևս չի հանդիսանում այնքան գրավիչ մասնագիտություն, որքան նախկինում էր, փաստում է աշխատաշուկայի ուսումնասիրությամբ զբաղվող հայտնի Career Cast կայքի նոր հետազոտությունը:
Հետազոտության հեղինակները փորձել են վարձատրության, սթրեսի, նոր աշխատատեղ որոնելու, աշխատանքի պայմանների տեսանկյունից ու մի շարք այլ գործոնների տեսանկյունից գնահատել 200 մասնագիտություն: Պարզվել է, որ թերթում աշխատող լրագրողներն այդ վարկանշային աղյուսակում զբաղեցրել են 196-րդ հորիզոնականը: Նրանց տարեկան եկամուտը կազմում է միջինը 35 հազար դոլար, ինչը ցածր է երկրում միջին ցուցանիշից շուրջ 13 հազար դոլարով:
Սթրեսի մակարդակը 100 միավոր ունեցող սանդղակում 44 է, սակայն ամենավատն այն է, որ ներկայիս տնտեսական պայմաններում թերթի լրագրողները գրթե հեռանկար չունեն փոխել իրենց աշխատավայրը:
Համեմատաբար ավելի լավ է հեռուստառադիոհաղորդավարների վիճակը , որոնք վարկանշային աղյուսակում զբաղեցնում են 191-րդ հորիզոնականը: Սթրեսի մակարդակն այստեղ կազմում է «ընդամենը» 42 միավոր, ավելի մեծ է նոր աշխատատեղ գտնելու հավանականությունը: Չնայած պետք է ընդգծել, որ նրանք վաստակում են թերթի լրագրողներից ավելի պակաս` տարեկան 27 հազար դոլար: Ու սա այն դեպքում, երբ խոսքը «աստղերի» մասին չէ, այլ առհասարակ լրագրողների:
Շուկայի փորձագետները լրագրողի մասնագիտության նկատմամբ պահանջարկի նվազումը բացատրում են նրանով, որ ինտերնետի դարաշրջանում տպագիր ԶԼՄ-ների հանդեպ պահանջարկը հասարակության շրջանում նվազում է:
Հետազոտության համաձայն` լրագրողների շրջանում ներկայում գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում ամենաբարձրն է վերջին 34 տարում:
Ամենից քիչ պահանջարկ է վայելում անտառահատի մասնագիտությունը:
Վարկանշային աղյուսակի գագաթին ծրագրավորողի մասնագիտությունն է` տարեկան 88 հազար դոլարով:











































