Հայաստանում 10 օրից կսկսի գործել վճարումների էլեկտրոնային համակարգը: Դրա ներդրման մասին որոշումն ընդունվեց այսօրվա գործադիրի նիստում:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը լրագրողներին պարզաբանեց, որ պետական վճարները, տուրքերը, տուգանքները բիզնեսմեններն ու բնակչությունը ներկայում վճարում են բանկում՝ հաշվեհամարներին փոխանցելով, և անդորրագիրը տանում են համապատասխան ծառայություն կամ կանխիկ տարբերակով վճարում դրամարկղում: Համակարգի ներդրումից հետո ինտերնետով «ԱրՔա» կամ «Մաստեր» քարտի միջոցով հնարավոր կլինի e-paymants.am կայքում վճարել ցանկացած պետական ծառայության տուգանքն ու պետտուրքը` բացի սոցվճարներից ու հարկերից, և բանկ այցելելու անհրաժեշտություն այլևս չի լինի:
«Էապես նվազելու են միջնորդավճարները. բանկերում 1000 դրամ վճարելու ծառայության դիմաց 100 դրամի փոխարեն այս համակարգի միջոցով 2-3 հազար դրամի դեպքում կգանձվի 8-10 դրամ միջնորդավճար: Քարտով վճարումը համացանցում կկատարվի, և բանկ այցելելու կարիք չի լինի»,- ասաց Դ. Սարգսյանը՝ հավելելով, որ անդորրագիրը կուղարկվի համապատասխան էլեկտրոնային հասցե կամ կոճակը տպելով` հնարավոր կլինի այն ստանալ:









































