Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի անվանակիցը մահացել է Իտալիայի լեռներում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով:
Այս լուրը մի պահ խուճապ է առաջացրել ինտերնետում, քանի որ վերնագրերում չի նշվել, որ մահացածն Իտալիայի վարչապետը չէ:
Լեռներում զբոսնելիս Սիլվիո Բեռլուսկոնի անունով մարդը վայր է ընկել 30 մետր բարձրությունից: Այս մասին հաղորդել է Corriere della Sera իտալական թերթը:
Բեռլուսկոնին բնակվել է Լոմբարդիայում և աշխատել է կարի ֆաբրիկայում: Չնայած իր անուն ազգանունին, նա դեմ է եղել Բեռլուսկոնիին և միշտ քվեարկել է ձախերի օգտին: Նա հումորով էր վերաբերվում գործող վարչապետին, և արձագանքելով վարչապետի այն հայտարարությանը, թե ինքը «աշխատող Բեռլուսկոնին է», լոմբարդացի Բեռլուսկոնին հայտարարել էր, որ «միակ աշխատող Բեռլուսկոնին ինքն է»:
Այն հարցին, թե չի՞ նեղվում այն փաստից, որ այդպիսի անվանակից ունի, նա պատասխանել էր. «Իսկ ինչո՞ւ ես նեղվեմ»:










































