Ի՞նչ է պետք լավ ապրելու համար` կրճատել ծախսե՞րը, թե՞ ավելացնել եկամուտները: Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` այս հարցն էր քննարկվում «Սիվիլիթաս» հիմնադրամի այսօր կազմակերպած հերթական հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին հինգ կուսակցությունների ներկայացուցիչներ: Հրավերը չէին ընդունել Հանրապետականի և ՕԵԿ-ի ներկայացուցիչները:
ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կողմնակից է, որ եկամուտները ավելանան: Նրա խոսքով` Հայաստանի տնտեսության զարգացմանը խանգարում են ստվերային տնտեսությունը և կոռուպցիան:
«Այս օլիգարխիկ համակարգի պահպանման դեպքում ո՛չ աշխատավարձի, ո՛չ թոշակ բարձրացնելու մասին խոսք չի կարող լինել»,- նշեց նա` կարծիք հայտնելով, որ առանց համակարգային փոփոխությունների բարեփոխում չի կարող լինել:
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի կարծիքով` ոչ թե ծախսերը պետք է կրճատել, այլ եկամուտներն ավելացնել:
Խոսելով տնտեսության ճյուղերից մեկի` հանքարդյունաբերության զարգացման մասին` «Ժառանգություն» կուսակցությունից Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Այսօր մեր ազգային հարստությունները օգտագործվում են անօրինական ձևով, մարդուն տրվում է հանք` օգտագործման նպատակով. եթե այսպես շարունակվի, մեր հետագա սերունդներին ոչինչ չի մնա»:
Ըստ տնտեսագետ Վ. Խաչատրյանի` այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի բնապահպանության ոլորտում, բարբարոսություն է: Նա դեմ չէ հանքարդյունաբերության զարգացմանը, դեմ է այս կերպ կատարվող հանքարդյունաբերությանը: Նա մասնավորապես խոսեց Թեղուտի հանքավայրի շահագործման մասին. «Թեղուտը չէր կարելի բաց եղանակով, միայն աշխատատեղերի ստեղծման համար էդպես շահագործել»:
«Միավորված հայեր» կուսակցությունից Գուրգեն Հովսեփյանն էլ հավելեց. «Ում ձեռը փող է ընկնում, գնում կանգնում, ասում է` էս ծառն իմն է, էս քարն իմն է»:










































