Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ապրիլի 19-ին Ստամբուլում հանդիպելու է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիին:
Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են Իրաքի ու Քրդական ինքնավարության վերջին զարգացումները: Բացի այդ, քննարկվելու է սիրիական զարգացումների հետևանքով քուրդ բնակչության ապաստանի խնդիրը:
Կողմերի ուշադրության կենտրոնում է գտնվելու նաև Թուրքիայում ապաստան գտած Իրաքի նախկին փոխնախագահ Թարիք Ալ-Հաշիմիի հարցը, որի նկատմամբ Իրաքում կայացվել է ձերբակալման դատավճիռ:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի կառավարությունը հատուկ թիկնազոր է հատկացրել Թարիք Ալ-Հաշիմիին: Խոսքը 17 ոստիկանի և 5 հատուկ պատրաստություն անցած թիկնապահի մասին է: Հաշիմիին Թուրքիայում թիկնազոր է հատկացվել այն բանից հետո, երբ տեղեկատվություն տարածվեց Հաշիմիին սպանելու մտադրության մասին:











































