Atchity Entertainment և Ramos and Sparks Group ընկերությունները որոշել են ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանության 50-ամյակին նվիրված ֆիլմ նկարահանել: Այս մասին հաղորդում է Deadline կայքը:
Ժապավենի հիմքում ընկած է լինելու The Kennedy Detail գիրքը, որը հեղինակել են ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ջերալդ Բլեյնն ու լրագրող Լիզա Մակկաբինը:
Բլեյնի ու Մակկաբինի աշխատանքը հրապարակվել է 2010թ. և այն դարձել է բեսթսելլեր: Գրքում ներկայացված է Քենեդու նախագահության շրջանը, սակայն դեպքերը ներկայացված են նախագահին հսկող աշխատակիցների ու նրա ընտանիքի անդամների տեսանկյունից:
2010թ. վերոնշյալ գրքի հիման վրա արդեն նկարահանվել է վավերագրական ֆիլմ:
Ջոն Քենեդին ԱՄՆ 35-րդ նախագահն էր, որը նախագահի պաշտոնն ստանձնել էր 1961թ.: ԱՄՆ նախագահն սպանվում է 1963թ. նոյեմբերի 22-ին:
Ենթադրվում է, որ The Kennedy Detail գրքի էկրանավորումը կիրագործվի 2013թ. վերջին:











































