Ցինցիննատի համալսարանի հնագետները Ալբանիայի հարավ-արևելյան Կորչա շրջանի Վաշտեմի գյուղում հայտնաբերել են հնագույն գյուղատնտեսական մշակաբույսեր, որոնք գոյություն են ունեցել մ.թ.ա. 6500 թվականին: Պեղումների ժամանակ հնագետները գտել են գարու և էմերի՝ վայրի հացահատիկի սերմեր, որոնք կիրառվել են մեզոլիթյան և նեոլիթյան դարաշրջաններում:
Հնագետները նաև հայտնաբերել են խոզերի, խոշոր եղջերավոր անասունների, այծերի բուծման վերաբերյալ վկայություններ: Նրանք հայտնաբերել են նաև եղնիկների, վայրի խոզերի, կրիաների և այլ վայրի կենդանիների մնացորդներ: Գիտնականների խոսքով՝ գտածոները վկայում են այն մասին, որ հնագույն շրջանում ֆերմերները չեն կենտրոնացել միայն ընտանի կենդանատեսակների ու մշակաբույսերի աճեցման վրա, այլ ձգտել են ընդլայնել գյուղատնտեսական մթերքների բազմազանությունը:
Հնագետները նշում են, որ սա Ալբանիայում անցկացված առաջին հետազոտությունն է, որի ընթացքում կիրառվել է ժամանակակից՝ ռադիոիզոտոպային թվագրման մեթոդը:









































