Բրազիլիայի Արակաժու բանտում անկարգություններ սկսած ավելի քան 400 դատապարտյալներ ազատ են արձակել բոլոր պատանդներին, հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, ապրիլի 16-ին Սերժիլի նահանգ մայրաքաղաք Արակաժուից ոչ հեռու գտնվող բանտում դատապարտյալներն անկարգություններ էին սկսել, որի համար պատճառ էր հանդիսացել բանտապահների կողմից նրանց մշտապես ծեծի և խոշտանգումների ենթարկելը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ «ապստամբությանը» մասնակցել են բոլոր 476 բանտարկյալները: Դրա ընթացքում նրանց հաջողվել է պատանդ վերցնել երեք բանտապահների և 128 այցելուների, որոնց մեջ եղել են նաև կանայք և երեխաներ:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բանտապահները համաձայնել են ազատ արձակել այցելու-պատանդներին:
Ապստամբության մասին տեղեկանալուց հետո ուղղիչ հաստատություն են ուղարկվել հատուկ նշանակության ուժեր, սակայն շուտով նրանք հեռացել են: Առայժմ հայտի չէ՝ ինչու է նման որոշում կայացվել. հնարավոր է՝ այդպես են պահանջել բանտարկյալները:
Հաղորդվում է, որ բանտարկյալներին հաջողվել է հասնել բանտի զինանոց և այժմ նրանք իրենց ձեռքում ունեն ոչ միայն ինքնաշեն զենք, այլև հրացան:
Իրավապահ մարմինների խոսքերով՝ իշխանություններն իրենց ձեռքն են վերցրել իրավիճակի վերահսկողությունը: Ըստ շրջանառվող լուրերի՝ 15 հանցագործ է փախել, ոստիկանությունից հերքում են այդ տեղեկությունը: Բանտարկյալները և պատանդներն ապահովված են սնունդով և ջրով:
Բանտարկյալների հիմնական պահանջն է դադարեցնել բանտապահների կողմից իրենց նկատմամբ դաժան վերաբերմունքը և փոխել հաստատության ղեկավարությանը:







































