ՆԱՏՕ-ն հույս ունի մոտ ժամանակները պայմանավորվածություն ձեռք բերել Ռուսաստանի հետ Ուլյանովսկի տարանցիկ կետի հարցում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Մոսկայում դաշինքի տեղեկատվական բյուրոյի տնօրեն Ռոբերտ Պշելին:
«Մենք հույս ունենք, որ առաջիկայում նման համաձայնություն ձեռք կբերենք»,- ասել է նա:
Պշելը չի բացառել, որ տարանցիկ կետի թեման կքննարկվի Բրյուսելում ապրիլի 19-ին նախարարների մակարդակով կայանալիք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ժամանակ:
Նա հստակեցրել է, որ այսօրվա դրությամբ քննարկվում է միայն Ուլյանովսկի տարանցիկ կետը: «Ուլյանովսկի կետի առաջարկը պատկանում է Ռուսաստանին: Եթե լինեն այլ առաջարկներ, ապա մենք կարող ենք դրանք քննարկել»,- ասել է Պշելը:
Հիշեցնենք. վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Աֆղանստանից Ռուսաստանի տարածքով ՆԱՏՕ-ի բեռները տեղափոխելու հարցը: Ռուսական կողմը հայտարարել է, որ Ուլյանովսկի այդ տարանցիկ կետը ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ռազմաբազա չի լինի:











































