Այսօր Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի կունենա Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ)՝ Սիրիայի հարցերով հատուկ հանձնաժողովի նիստը արտգործնախարարների մակարդակով:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Կահիրեում ԱՊԼ գլխավոր գրասենյակի ներկայացուցչին, քննարկման գլխավոր թեման կլինի «Սիրիայի կառավարության հետ բանակցությունների արդյունքները և ՄԱԿ-ի միջազգային դիտորդների առաջիկա գործունեությունը»:
Լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբիի հայտարարության համաձայն՝ Դոհայի հանդիպմանը կմասնակցեն նաև ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանը և նրա տեղակալ Նասեր Ալ-Կուդուան:
«Իհարկե, ոչ մի որոշում չի կարող սպառիչ լինել,- ասել է Ալ-Արաբին լրագրողներին,- բայց մենք կփորձենք հասնել այնպիսի վիճակի (Սիրիայում), որ երկրում վերականգնվի հանգիստ իրավիճակ»: Նրա խոսքերով՝ միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել ապագայում սիրիացիների պաշտպանության մասին:
Հիշեցնենք. անցած շաբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց 2042 բանաձևը, որը նախատեսում էր Սիրիա ուղարկել միջազգային դիտորդների՝ հրադադարի պայմանների կատարմանը հետևելու համար: Երկուշաբթի դիտորդական առաջին խոմբը մեկնել է Սիրիա և անցել իր պարտականությունների կատարմանը:










































