ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը ներկայացրել է հայտարարություն, որով խստորեն դատապարտում է Հյուսիսային Կորեային անցած շաբաթ հրթիռի արձակումը իրականացնելու համար, որը, ինչպես հաղորդվել է, ձախողվել էր: ՄԱԿ-ը նաև հայտնել է, որ ծրագրում է խստացնել Փխենյանի կառավարության դեմ պատժամիջոցները:
The Washington Post-ի փոխանցմամբ՝ ԱԽ հայտարարությունը, որն ընդունվել է բոլոր 15 անդամների կողմից, նոր պատժամիջոցներ չի ներկայացրել Հյուսիսային Կորեայի դեմ: Խորհուրդը նախկինում հայտնել էր, որ հրթիռի արձակումը ՄԱԿ-ի՝ հրթիռների արձակումն արգելող բանաձևի «լուրջ խախտում է»:
Հայտարարության միջոցով պահանջվում է, որ Հյուսիսային Կորեան հրաժարվի ապագայում հրթիռներ արձակելու մտքից: Հայտարարության մեջ նաև ասվել է, որ խորհուրդը պատրաստ է այլ քայլեր ձեռնարկել, եթե Փխենյանը որոշի նոր հրթիռ արձակել:







































