Թիվ 5 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Արթուր Գևորգյանն իր մրցակիցների կողմից այս պահի դրությամբ որևէ խախտում կամ կեղծիք չի նկատել: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ հավելելով, որ նախընտրական քարոզարշավն ընթանում է սովորական հունով:
«Այս պահի դրությամբ ամեն ինչ նորմալ է: Առհասարակ, առաջադրված թեկնածուների կողմից որևէ ակտիվություն չկա: Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ շտաբը պատրաստվում է բուկլետներ բաժանել»,- ասաց նա:
ՀՀԿ-ական թեկնածուն նաև նշեց, որ թիվ 5 ընտրատարածքում նորմալ և քաղաքակիրթ մրցապայքար է ակնկալում: «Ընդ որում, մրցակից համարում եմ ինձ հետ առաջադրված բոլոր թեկնածուներին»,- նշեց Արթուր Գևորգյանը:
Հարցին՝ իսկ ո՞ր թեկնածուն է, իր կարծիքով, ամենաուժեղը, նա պատասխանեց՝ «Ամենաուժեղը ես եմ»:
Հիշեցնենք, որ Արթուր Գևորգյանը ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի եղբորորդին է:
Թիվ 5 ընտրատարածքում նրա հետ առաջադրված են նաև ՀԱԿ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը և անկուսակցական Սուրեն Սիրունյանը:








































