Համաշխարհային բանկի նոր նախագահ է ընտրվել ամրիկացի բժիշկ և մարդաբան Ջիմ Էն Քիմը: ITAR-TASS-ի փոխանցմամբ` նման որոշում կայացվել է այսօր՝ ՀԲ–ի ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:
Մոտակա հինգ տարիների ընթացքում Ջիմ Էն Քիմը կղեկավարի Համաշխարհային բանկի բոլոր կազմակերպությունները, ներառյալ` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը:
Կորեական ծագում ունեցող 52–ամյա ամերիկացու ընտրությունը նշանակում է, որ ուժի մեջ է շարունակում մնալ չգրված օրենքը, ըստ որի՝ Համաշխարհային բանկի հիմնադրման օրվանից այն ղեկավարել է ամերիկացի: Սակայն գնալով՝ Վաշինգտոնի համար դժվար է դառնում պահպանել այս առավելությունը:
Նշենք, որ Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնին հավակնում էին նաև Նիգերիայի ֆինանսների նախարար Նգոզի Օկոնջո-Իվեալան և Կոլումբիայի ֆինանսների նախկին նախարար, էկոնոմիկայի և սոցիալական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Խոսե Անտոնիո Օկամպոն:








































