Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր մասնակցել է Կասպից ծովի ջրերը (աղազրկելուց հետո) ջրանցքով դեպի երկրի կենտրոնական շրջաններ ուղղելու նախագծի բացման արարողությանը:
Դրա ժամանակ Ահմադինեժադը հայտարարել է, որ վերջին տարիներին Իրանում անկում է ապրել տեղումների մակարդակը, և ուժեղացել է երաշտը. «Այդպիսի իրավիճակի պահպանման դեպքում 50 տարի անց Իրանում կանհետանան անտառները: Մենք պլանավորել ենք նոր նախագծեր առաջ քաշել երկրում ջրի օպտիմալ ու ռացիոնալ սպառման վերաբերյալ:
Մենք պլանավորել ենք սկսել նաև Պարսից ծոցի ջրերը ջրանցքի միջոցով դեպի երկրի կենտրոնական շրջաններ փոխադրելու նախագիծ: Բացի այդ, մենք մտադիր ենք Տաջիկստանից ջրանցք կառուցել՝ Խորասանի նահանգը ջրով ապահովելու համար»:
Հիշեցնենք, որ Իրանը մտադիր է Կասպից ծովից երկրի կենտրոնական շրջաններ ուղղել 500 միլիոն խորանարդ մետր ջուր, ինչի համար պետք է կառուցվի աղազրկման գործարան, որի հզորությունը սկզբնական փուլում կազմելու է 200 միլիոն խորանարդ մետր:
Նախագծի շրջանակներում կառուցվելու են նաև հիդրոէլեկտրակայաններ, պոմպակայաններ, էլեկտրահաղորդագծեր ու ջրամբարներ: Նախագիծը գնահատվում է 10 միլիարդ դոլար:











































