Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են համատեղ պայքար ծավալել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ: Արտասահմանաբնակ թուրքերի ու ադրբեջանցիների ավելի քան 1000 ներկայացուցիչներ քննարկելու են տվյալ ուղղությամբ իրենց գործողությունների կոորդինացման խնդիրը:
Թուրքիայի կառավարության հրահանգով՝ տվյալ ֆորումի նախապատրաստմամբ զբաղվելու է փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը: Ֆորումում քննարկվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին հայկական լոբբիի գործողությունների չեզոքացման հարցը:
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են այդ հարցում ներգրավել մշակույթի և արվեստի աշխարհահռչակ գործիչներին և սերտ շփումներ հաստատել աշխարհի առաջատար ԶԼՄ-ների հետ: Բացի այդ, արդյունավետորեն կոորդինացվելու են աշխարհի տարբեր երկրներում Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանատների ու լոբբիստական կազմակերպությունների գործողությունները, ստեղծվելու են ու աջակցություն են ստանալու համապատասխան հասարակական կազմակերպությունները:
Հայոց ցեղասպանությունը հերքող պնդումներ են տարածվելու հատուկ ստեղծված ինտերնետային կայքերում, որոնք գործելու են անգլերենով, ֆրանսերենով, գերմաներենով, ռուսերենով ու հայերենով: Ֆորումը տեղի է ունենալու սեպտեմբերի 15-ին, ինչը պատահական չի ընտրված, քանի որ 1918 թվականի այդ օրը Նուրի փաշայի գլխավորած իսլամական բանակը գրավեց Բաքուն և կազմակերպեց տեղի հայերի մեծ կոտորած:










































