Շաբաթ օրը` ապրիլի 14-ին, Սալվադորի տարածքում ոչ մի սպանություն չի արձանագրվել: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Մուրիսիո Ֆունեսը. հաղորդում է Reuters գործակալությունը:
Մեկ օր` առանց սպանությունների. սա առաջին դեպքն է 2009թ.-ի հունիսից, երբ նախագահ է դարձել Ֆունեսը: Նախկինում օրական 12 մարդ էր սպանվում, իսկ 2012թ.-ի սկզբին այդ ցուցանիշը հասավ 18-ի:
Տեղեկացնենք, որ Սալվադորում երկու քրեական խմբավորումներ 2012թ.-ի մարտին հայտարարել են հրադադարի մասին, ինչը հանգեցրել է հանցագործությունների թվի կտրուկ նվազման: Ֆունեսն այս ամենը կապում է իր կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունավետության հետ:
ՄԱԿ-ի տվյալներով` Սալվադորում ամեն 100 հազար մարդուն բաժին է ընկնում 66 սպանություն: Սպանությունների մի մասը կապված է մեքսիկական նարկոկարտելների գործունեության հետ, որոնք Սալվադորի տարածքն օգտագործում են թմրանյութեր տեղափոխելու համար:









































