ԱՄՆ-ն Ֆրանսիային է վերադարձրել իմպրեսիոնիստ Էդգար Դեգայի «Ատամնացավից տառապող լվացարարուհիները» կտավը, որը 1973թ. առևանգել էին ֆրանսիական Հավր քաղաքի Անդրե Մալրոյի անվան թանգարանից, իսկ անցած աշնանը այն հայտնվել էր «Սոթբիս» աճուրդի սրահում:
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, 350-450 հազար դոլար արժողությամբ կտավի փոխանցման արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում գտնվող Ֆրանսիայի դեսպանատանը: Գտնված գլուխգործոցը վերադարձրել է իմիգրացիոն-մաքսային հետաքննական ծառայությունների պետ Ջոն Մարթոնը: Նա «մեծ պատիվ է համարել վերադարձնել Ֆրանսիային պատկանող, նրա ազգային պատմության և մշակութային հարուստ ժառանգության մասը կազմող այս կտավը»:
Ջոն Մարթոնը հիշեցրել է, որ մոտ մեկ տարի Դեգան ապրել է Նոր Օռլեանում` կատարելով ամերիկյան կյանքից էսքիզներ: 1870-ականներին ստեղծված «Լվացարարուհիները» աճուրդի է ներկայացրել Նյու Յորքում հայտնի վիրաբույժ Ռոնալֆ Գրելսեյմերը, որը հավաստիացրել է, որ կտավը նվեր է ստացել հորից: Մարթոնի խոսքերով, Գրելսեյմերը և «Սոթբիս» աճուրդի սրահն ինքնակամ հանձնել են կտավը ամերիկյան իշխանություններին, երբ վերջիններիս ներկայացվել է կողոպուտը հաստատող փաստաթուղթը:
Հետաքրքրական է, որ մինչ այդ Դեգայի գլուխգործոցը անգամ Ինտերպոլի տվյալների բազայում գրանցված չի եղել, ինչի պատճառով էլ աճուրդի սրահը կասկած չի ունեցել կտավի գողացված լինելու մասին: