Սրտի կաթված հաճախ են ստանում այն ծխողները, որոնք նախընտրում են անանուխի բույրով սիգարետներ: Այս մասին է վկայում Archives of Internal Medicine ամերիկյան ամսագրում տպագրված հոդվածը, որը հիմնված է Տորոնտոյի Սուրբ Միխայիլի հիվանդանոցի հետազոտական թիմի ուսումնասիրությունների վրա:
Ցանկացած տեսակի սիգարետները վնասակար են առողջությանը, սակայն եթե ծխում եք, հետազոտության հեղինակ Նիկոլաս Վոզորիսը խորհուրդ է տալիս հրաժարվել անանուխի բույրով սիգարետներից:
Վոզորիսը ուսումնասիրել է ԱՄՆ-ում առողջության և կենսակերպի վերաբերյալ 2001-2008-ին անցկացված մի շարք հարցումների տվյալները: Ուսումնասիրվել են 5000 չափահաս ծխողներ: Արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների 26 տոկոսը նախընտրել է անանուխի բույրով սիգարետ, մյուսները`սովորական: Նշված 26 տոկոսից 3,4%-ը կաթված են տարել, իսկ երկրորդ խմբում ցուցանիշը համեմատաբար քիչ է եղել`2,7%:
Մասնագետի կարծիքով` պատճառն այն է, որ մենթոլը փափկեցնում է ծխախոտի համը և նպաստում ավելի շատ ծխելուն:
Հետազոտության արդյունքները դեռևս վերջնականապես չեն հաստատվել, քանի որ մասնագետները կապ չեն գտել մենթոլով սիգարետ ծխելու և արյան ճնշման բարձրացման միջև, որը և կաթվածի գլխավոր պատճառն է:











































