Ամերիկացի գրող Դեյվ Էգերսը հրաժարվել է Գերմանիա ուղևորությունից, որտեղ պետք է մեկներ ապրիլի 13-ին` ստանալու Albatross մրցանակը, որն շնորհվում է Գյունտեր Գրասի հիմնադրամի կողմից: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Գերմանական հրատարակության պաշտոնական հայտարարության մեջ, որը զբաղվում է Էգերսի գրքերի հրատարակմամբ, նշվում է, որ գրողը չի ցանկացել Բրեմեն մեկնել Նոբելյան մրցանակակրի հակաիսրայելական բանաստեղծության պատճառով:
Էգերսի կարծիքով` իրեն ամեն դեպքում կխնդրեին մեկնաբանել վերոնշյալ իրավիճակը, ինչպես նաև Իսրայելի ու Իրանի հարաբերություններն այն դեպքում, երբ իր ուղևորության իրական նպատակն այն է, որ ուշադրություն սևեռի ամերիկացիների կյանքի վրա մինչև «Կատրին» փոթորիկն ու դրանից հետո:
Հենց դրան է նվիրված Դեյվ Էգերսի Zeitoun գիրքը, որն արժանացել է Գյունտեր Գրասի հիմնադրամի մրցանակին: Այնտեղ խոսք է գնում սիրիական ծագմամբ ամերիկացու մասին, ում մեղադրում են ահաբեկչությանն առնչություն ունենալու մեջ, ընդ որում՝ գրքում գործողությունները ծավալվում են փոթորիկի ֆոնին:
Գերմանական Albatross մրցանակը շնորհվում է արտասահմանցի գրողներին երկու տարին մեկ` սկսած 2006-ից: Դափնեկիրը ստանում է 40 հազար եվրո մրցանակ: Մրցանակը շնորհվում է ժամանակակից գրողին արդի թեմաներ շոշափելու համար:
Էգերսը արդեն հայտարարել է, որ գումարի մի մասը կնվիրաբերի բարեգործությանը:
Նշենք, որ ապրիլի 4-ին մի քանի թերթեր հրապարակեցին Գրասի «Ինչ մասին է անհրաժեշտ ասել» բանաստեղծությունը, որտեղ սուր քննադատության է ենթարկված Իսրայելի հակաիրանական քաղաքականությունը: Դրանից հետո Իսրայելի իշխանությունները արգելեցին Գրասին մուտք գործել Իսրայել ու խնդրեցին Նոբելյան կոմիտեին զրկել նրան մրցանակից: Գրասն, իր հերթին, նրանց քայլերը որակեց որպես արևելագերմանական հատուկ ծառայությունների` «Շտազիի» գործողություններ:








































