ՄԱԿ-ի ԱԽ-ում այսօր քվեարկության կդրվի Սիրիա դիտորդական խումբ ուղարկելու բանաձևը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսին:
«Մենք մտադիր ենք հավաքվել վաղը (շաբաթ) ժ. 11.00-ին (Երևանի ժամանակով ժ. 19.00-ին), որպեսզի քվեարկություն անցկացնենք բանաձևի վերաբերյալ»,- ասել է Ռայսը: Ըստ նրա` խոսքը բանաձևի «վերանայված տարբերակի» մասին է, որը կազմվել է ուրբաթ օրը բանակցությունների արդյունքում:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, ըստ արևմտյան լրատվամիջոցների, հայտարարել է, որ բանաձևի տեքստը պահանջում է վերամշակումներ:
Ինչպես ենթադրվում է, Սիրիա ուղարկվելիք դիտորդական խումբը կազմված կլինի 10-12 մարդուց, հետագայում առաքելության կազմը կարող է հասցվել մինչև 250 դիտորդի:
Ինչպես նշում է Agence France-Presse-ը, կառավարությունը, համաձայն բանաձևի, պարտավորվելու է ապահովել դիտորդների ազատ տեղաշարժը երկրում ու վերջիններիս հնարավորություն է ընձեռելու է ազատ շփվել նրանց հետ, ում հետ ցանկանան: ԱՄՆ առաջարկով բանաձևի տեքստում ներառված է կոչ սիրիական իշխանություններին` բոլոր զորքերը դուրս բերել քաղաքներից ու բնակելի տարածքներից: Եթե Սիրիան չկատարի պահանջները, ապա Անվտանգության խորհուրդը, համաձայն նախագծի, պետք է «ըստ անհրաժեշտության քննարկի հետագա միջոցառումները»:









































