40-ամյա Հրաձիգ Նորայր Բախտամյանը եռանդով է նախապատրաստվում 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերին: Նորայրն այդ միջոցառմանը մասնակցելու հարուստ փորձ ունի, քանզի մասնակցել է նաև նախորդ 2 մրցաշարերին` Աթենքում և Պեկինում: Նորայրը լավագույն արդյունքի հասել է 2004 թվականին, երբ աթենքյան ստուգատեսում գրավեց 4-րդ տեղը:
ՀԱՕԿ լրատվության բաժնի փոխանցմամբ` Բախտամյանն այժմ մարզվում է Երևանի հրաձգության մարզադպրոցում: Մայիսին մարզիկը կմասնակցի Միլանում և Մյունխենում հաջորդաբար անցկացվելիք Աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարերին:
Դրանց կհաջորդեն ուսումնամարզական հավաքները, Լվովում հուլիսին կայանալիք Ուկրաինայի բաց առաջնությունը, լոնդոնյան ուսումնամարզական կարճ հավաքը, որտեղ նա կհաղթահարի կլիմայավարժեցման արգելքը և հուլիսի 28-ին իր դիպուկությունը կցուցադրի Օլիմպիական խաղերում` օդամղիչ ատրճանակով` 10 մետր հեռավորությամբ կրակագծում: Նորայրը կմրցի նաև օգոստոսի 5-ին` 50 մետրից կայանալիք ազատ ոճի կրակահերթում: