Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին, ինչը, երկրի Սահմանադրության համաձայն, հանգեցնում է կառավարության ամբողջական հրաժարականի։ Նա հայտարարել է Նախարարների կաբինետի թարմացման անհրաժեշտության մասին և ազդարարել իրավապահ մարմինների ղեկավար կազմում սպասվող փոփոխությունները:
Նախագահը հայտնել է, որ Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարությունը. արտաքին քաղաքական յուրաքանչյուր առաջնահերթ ուղղության համար պատասխանատու է լինելու մեծ փորձառություն ունեցող կոնկրետ անձ: Առանցքային ուղղությունների թվում Զելենսկին առանձնացրել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները (մասնավորապես՝ Patriot համակարգերի արտադրության և անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագրերը), եվրոպական հակաբալիստիկ նախագիծը, ԵՄ-ին անդամակցությունը, ինչպես նաև հարաբերությունները հարևանների՝ հատկապես Լեհաստանի և Հունգարիայի հետ: Ուշադրության կենտրոնում են նաև Մերձավոր Արևելքի ու Պարսից ծոցի երկրները, Չինաստանն ու հիմնական միջազգային կազմակերպությունները:
Բացի այդ, ընդգծվել է ճակատային ու սահմանամերձ շրջաններում աշխատանքների ուժեղացման, բանակին զենքի և ԱԹՍ-ների մատակարարման ավելացման, ձմռանը նախապատրաստվելու և Ուկրաինայի վերականգնման ուղղությամբ գործընկերների հետ պայմանավորվածությունների արագացման անհրաժեշտությունը: Ըստ Զելենսկու՝ այս նորացված ռազմավարությունն իրագործելու նպատակով երկրում մեկնարկելու են կադրային փոփոխություններ։








































