Շվեդական արհմիությունները սպառնացել են երկրում զուգարանի թղթի դեֆիցիտ առաջացնել այն դեպքում, եթե գործատուներին ներկայացված իրենց պայմանները չիրականացվեն: Ինչպես հաղորդում է UPI գործակալությունը, արհմիությունները սպառնացել են ապրիլի 23-ից գործադուլ սկսել, որի ընթացքում արհմիության մեջ մտնող աշխատողները կխոչընդոտեն ֆաբրիկաներից զուգարանի թղթի տեղափոխմանը:
Բացի այդ, եթե գործադուլը սկսվի, որոշ խանութներում և ռեստորաններում կարող են ավարտվել թարմ մթերքի պաշարները, կդադարեցվեն աշխատանքները շինարարական և պահեստավորման ձեռնարկություններում:
Աշխատակիցները գործատուներից պահանջում են աշխատավարձերի բարձրացում: Svensk Handel ընկերությունը, որում աշխատում են պոտենցիալ գործադուլավորների մեծ մասը, պատրաստ են աշխատավարձերը բարձրացնել 2.6%-ով, մինչդեռ արհմիության անդամները պահանջում են 4.5%-ով բարձրացում:
Իր հերթին, Svenskt naringsliv ձեռնարկատերերի կազմակերպությունը հայտարարում է, որ Շվեդիայում առանց այն էլ մեծ չէ տարբեր որակավորում ունեցող աշխատողների եկամուտների տարբերությունը: Գործարարները կարծում են, որ դրանց հավասարեցումը կարող է իջեցնել մարդկանց ձգտումը՝ ձեռք բերելու ավելի բարձր որակավորում:










































