Սիրիայի կառավարական ուժերը ուրբաթ Թուրքիայի սահմանի մոտ մարտի մեջ են մտել ապստամբների ջոկատների հետ. սա երեկ ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմի հաստատումից հետո առաջին մարտական գործողություններն են: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքներին հետևելու մոնիտորինգի սիրիական կենտրոն» (OSDH) իրավապաշտպանական ծառայությանը:
Ըստ այդ տեղեկության՝ մարտերն ընթանում են Խերբեթ Ջոզ շրջանում:
Այսօր ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հատարարել էր, թե ինքը չի հավատում, որ Բաշար Ասադի հայտարարություններն անկեղծ են: «Ցավոք, ես չեմ հավատում, որ նա կհետևի հրադադարի ռեժիմին»,- ասել էր նա հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում:
Սարկոզին կարծիք էր հայտնել, որ ավելի լավ կլինի Սիրիա դիտորդներ ուղարկել, որպեսզի գոնե իմանան, թե ինչ է իրականում այնտեղ տեղի ունենում:
Հիշեցնենք. երեկ առավոտյան ուժի մեջ է մտել ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրով նախատեսված հրադադարի ռեժիմը: Հաղորդվում էր, որ սիրիական զորքերը և ռազմական տեխնիկան շարունակում են մնալ քաղաքներում, սակայն բախումներ տեղի չեն ունենում:










































