Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային գողության մասին, որին ականատես էին եղել հայկական պատվիրակության ներկայացուցիչները Եվրանեստի լագումար նիստի ժամանակ, որը տեղի էր ունեցել ապրիլի 2-10-ը՝ Բաքվում. «Երևույթը, որ դիտարկվեց, կարելի է որակել որպես մշակութային գողություն։ Մենք գործ ունենք մի արհեստածին գոյացության հետ, որը կոչվում է «ադրբեջանական ազգ», որտեղ տասնյակից ավելի ժողովուրդներ են ապրել և շարունակում են ապրել մինչ օրս։ Ադրբեջանական ազգ երևույթը 20-րդ դարում է ներմուծվել։ Իրենք ամեն առիթ օգտագործում են իրենց ինքնությունը ձևավորելու համար։ Մինչդեռ մենք՝ հայերս նման խնդիր չունենք, որպես դարավոր պատմություն և քաղաքակրթություն ունեցող ազգ»։
Պատգամավորի խոսքերով՝ ադրբեջանցիներն ունեն նման խնդիր և դրան հասնելու համար ոչնչի առջև կանգ չեն առում։ Անգամ իրենց վերագրում են այնպիսի արժեքներ, որոնք կա՛մ համակովկասյան են, կա՛մ, ինչպես տվյալ պարագայում, հայկական. «Հյուրանոց մտնելիս ադրբեջանական պատվիրակության անունից ստացանք նվերներ։ Գորգ, կոնյակ՝«Շուշի» անունը կրող և գիրք՝ «Ադրբեջանի հնագույն պետությունները» վերնագրով։
«Գուցե մշակութաբաննրը կասեն, թե ինչ նախշերով են եղել մեր հին գորգերը, բայց որ ադրբեջանցիները փորձում են իրենց երկիրը ներկայացնել որպես գորգագործության հզոր օրրան՝ դա ակնհայտ է։ Դրվելու են գորգերի նմուշներ, որոնք ներկայացվելու են իբրև ադրբեջանական մշակույթի մի մաս։ Կասկած էլ չպետք է ունենանք, որ կներկայացվեն հայկական գորգերի նմուշներ, որպես ադրբեջանական»,– ասաց պատգամավորը։
Ստեփան Սաֆարյանի համար հատկապես մտահոգիչ էր այն փաստը, որ միջազգային կոնֆերանսներում արդեն ձևավորվում է քաղաքական գործիչների մի խումբ, ովքեր շատ քիչ բան գիտեն Ղարաբաղի մասին։ Իսկ Ադրբեջանն էլ օգտագործում է այդ իրավիճակը՝ իրենը ներկայացնելով պատմությունից, մշակույթից մինչև տարածքներ. «Ռեստորաններում, անգամ՝ հյուրանոցում, որտեղ մենք էինք իջևանել, հնչում էր Արա Գևորգյանի «Արցախ» կատարումն ամբողջությամբ, որը ներկայացվում էր որպես ադրբեջանական։ Կամ երբ ամբողջ պատվիրակությունը մասնակցում էր Եվրանեստի պաշտոնական ճաշին, հնչում էր Սայաթ-Նովայի կատարումները՝ ադրբեջաներեն»։ Պատգամավորի խոսքերով՝ Հայատանը շատ լուրջ մտահոգության խնդիր ունի, քանի որ հիմա կարող ենք ծիծաղել, կարող ենք լուրջ չընդունել, բայց հետագայում կհանդիպենք մի խումբ արտասահմանցիների, ովքեր կհավատան, որ Ադրբեջանը եղել է գորգագործության օրրան է, կոնյակագործության օրրան է և առհասարակ մարդկությունը ծագել է Ադրբեջանից. «Հայերը, որ նստակյաց ժողովուրդ են, և գորգագործությունը չափազանց զարգացած է եղել, չկա գորգագործության թանգարան։ Մինչդեռ քոչվոր մի ազգ, որ միայն զբաղվել է անասնապահությամբ՝ սարերում հարևան երկրի տարածքում կառուցում է թանգարան։ Հիմա մենք ինչքան էլ գոռանք, գոչենք, փաստն այն է, որ իրենք են կառուցում թանգարան»։
Ըստ պատգամավորի՝ եթե խոսում ենք ՀՀ-ից դուրս մշակութային արժեքների պահպանության մասին, մենք պետք է նշենք, որ դրա մեջ միայն կիսավեր եկեղեցիները չէ, որ մտնում են, կան այնպիսի արժեքներ, որոնք նույնպես պաշտպանության կարիք ունեն։ Ուստի պետք է նման խնդիրները մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում լինեն. «Մեր մշակույթի նախարարները մենակ համերգներ կազմակերպելու համար չեն, դա պրոդյուսերի գործն է։ Նրանք կոչված են մշակութային քաղաքականության ուղենիշներ տալու և արժեքների պրոպագանդումը հեշտացնելու համար։ Ճիշտ է ուշացումով, բայց մենք էլ պետք է սկսենք պայքարը, քանի որ ադրբեջանական մամուլի ոչ պրոֆեսիոնալ դիտարկումները ցույց են տալիս, որ իրենք համառորեն փորձում են գրանցել իրենց իրավունքներն այս կամ այն մշակութային արժեքի վերաբերյալ»։











































