Խարկովի շրջանի նախկին նահանգապետ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի զինակից Արսեն Ավակովն Իտալիայում գտնվում է տնային կալանքի տակ` մինչ նրան հայրենիք էքստրադիցիայի ենթարկելու որոշում կայացնելը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել են Ուկրաինայի գլխավոր դատախազության մամլո ծառայությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ БЮТ-Батькивщина ընդդիմադիր խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Անդրեյ Կոժեմյակինը հայտարարել էր, որ Իտալիայի դատարանն ազատ է արձակել Ավակովին:
Ինչպես մեկնաբանել են դատախազության մամլո ծառայությունից, Իտալիայի դատարանը որոշում է կայացրել ոչ թե Ավակովի ազատ արձակման, այլ տնային կալանքի ենթարկելու մասին:
Գործակալության զրուցակցի խոսքերով` ուկրաինական կողմը էքստրադիցիայի համար Իտալիային ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք վկայում են, որ Ավակովին չեն հետապնդում քաղաքական հիմքով, այլ մեղադրում են քրեական հանցագործությունների մեջ: Նա նաև նշել է, որ նախկին նահանգապետին էքստրադիցիայի ենթարկելու որոշումը ևս կայացնելու է դատարանը:









































