Կոնեկտիկուտի ներկայացուցիչների պալատը քվեարկել է նահանգում մահապատիժը հանելու օգտին,- հաղորդում է Associated Press-ը:
Ապրիլի 11-ին այդ որոշմանը կողմ է քվեարկել 86, դեմ՝ 62 կոնգրեսական: The New York Times-ի հրապարակման մեջ նշվում է, որ ձայները բաժանվել են հիմնականում ըստ կուսակցական պատկանելության (կողմ քվեարկել են դեմոկրատները, դեմ՝ հանրապետականները):
Օրինագիծը նախատեսում է մահապատիժը փոխարինել ցմահ բանտարկությամբ՝ առանց ազատ արձակվելու իրավունքի: Ընդ որում, նոր օրեենքը չեղյալ չի համարում այն մահապատիժները, որոնց մասին որոշում կայացվել է նախքան ապրիլի 11-ը:
Ապրիլի 5-ին նույնպիսի օրինագիծ էր ընդունվել Կոնեկտիկուտի սենատում: Նահանգապետ-սենատոր Դենիել Մելոյն արդեն խոստացել է այն ստորագրել:
Այսպիսով Կոնեկտիկուտը կդառնա ԱՄՆ 17-րդ նահանգը, որը կհրաժարվի մահապատժի կիրառումից: Հարկ է նշել, որ ըստ սոցիոլոգիական հարցումների՝ նահանգի բնակիչների մեծ մասն աջակցում է պատժի այդ տեսակին:










































