Կոտայքի մարզում «Ժառանգության» երկրորդ կանգառը Հրազդանում էր, որտեղ միկրոշրջանի բակերից մեկում հավաքված քաղաքացիներին ողջունեցին «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատներ»-ի միասնական ցուցակի ներկայացուցիչները: Իր ելույթում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ այստեղ հավաքված են սրտացավ մարդիկ, ովքեր գիտեն՝ Հայաստանը, Երևանը, Հրազդանը այսպես շարունակել այլևս չեն կարող, և այսօրվանից սկսած՝ մեր կյանքում պետք է փոփոխություն մտցնել։
«Հրազդանը չպիտի սպասի փրկիչների, աթոռ տենչացողների և ողորմություն բաժանողների, որովհետև աշխատանքը, կրթությունը, առողջապահությունը ձեր և մեր իրավունքն է, և թող ոչ մեկը չփորձի մեզ խաբել իրենց թղթադրամներով, բաժանվող ջեմերով ու ցուցակագրումներով, և եթե որևէ մեկը խոսում է ազատ ընտրություններից, ապա պետք է կանգ առնի այդ ցուցակագրությունը, ողորմությունը, պետք է հանրային սեփականություն հանդիսացող երթուղայինների վրայից իջեցվեն իշխող կուսակցության դրոշները»:
Հովհաննիսյանը նշեց, որ հրազդանցին ունի ընդդիմադիրի ոգի, և արդար քվեարկության միջոցով իրենք միասին կազմելու են մեծամասնություն Ազգային ժողովում. «Իսկ այս հրապարակից նաև վարչապետ կընտրենք և նոր կառավարություն»:
Հովհաննիսյանը նշեց, որ «ժառանգություն»-ը կուսակցություն չէ, այլ ապագա է և ժողովուրդ։ Եվ եթե «ժառանգություն»-ը չլինի, միևնույն է՝ ժողովուրդը կբարձրացնի իր դրոշը, քանզի մենք ունենք մեկ դրոշ՝ մեր պետական դրոշը, և մեկ զինանշան, ու ժողովրդի պարտադրանքով բոլոր կուսակցություններն էլ իջեցնելու են իրենց դրոշները:
Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ իշխանությունը խոսում է ազատ ընտրությունների մասին, բայց այսօր անում է հակառակը. «Ես խնդրում եմ, նաև պահանջում՝ եթե չդադարեցնեք հենց հիմա, ապա մայիսի 7-ին իրական մեծամասնությունը ժողովրդի հետ միասին որոշելու է, թե որն է լինելու իր հետագա քայլը, որովհետև մենք հաղթելու ենք, ու եթե դուք հավատաք Ձեզ, ոչ թե ինձ, ապա մենք կհաղթենք»։
Նա նաև նկատեց, որ Հրազդանը ոչ միայն արդյունաբերական մեծ պոտենցիալ ունի, այլև բնապահպանական քաղաքացիական խորը ջիղ է, և գիտի՝ որն է ճիշտ, որը՝ սխալ։ Ըստ նրա՝ Հրազդանի ապագան պետք է լինի մաքուր օդը, իրական բնապահպանությունը, երեխաների անհոգ ապագան ու աշխատող գործարանները:
Ելույթ ունեցան նաև Զարուհի Փոստանջյանը և Արաքս Պողոսյանը, ովքեր գիտակից ընտրություն մաղթեցին ժողովրդին: Փոստանջյանը ցավով նշեց, որ հայ տղամարդը աշխատանք չունենալով՝ իր օրը բակում է անցկացնում, կամ էլ արտագաղթում ու այլ երկրի համար բարիք ստեղծում:











































