«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
– Ընտրարշավի մեկնարկը տրված է: Դուք և՛ համամասնական, և՛ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել եք, բնականաբար այն ակտիվ գործունեությունը, որ ծավալել եք Ազգային ժողովում իր անդրադարձն անպայման ունենալու է ընտրությունների արդյունքում: Ինչ-որ կիսատ թողած գո՞րծ եք տեսնում, անելիքնե՞ր եք տեսնում, որ փորձում եք դրանք ավարտին հասցնել, Ձեր առաջադրումը ի՞նչ նպատակ է հետապնդում: Դուք մշտապես արտահայտվել եք, ռեժիմի վերաբերյալ Ձեր հստակ գնահատականը մշտապես հնչել է Ձեր շուրթերից, և Դուք Ձեր հիասթափությունը ամեն անգամ չեք վարանել արտահայտել: Ռեժիմը, կարծես թե, շարունակում է պահպանվել, և կարծես թե, ոչինչ չի փոխվել մեզանում, և Դուք դեռ անելիք եք տեսնում: Ո՞րն է այն գործառույթը, որը այսօր Դուք և Ձեր կուսակցությունը` Ազատ դեմոկրատների հետ որոշել եք իրականացնել:
– Առաջին հերթին պետք է ասեմ, որ այն պայքարը, որ սկսել է դեռ 20 տարի առաջ, մեր ժողովրդի կողմից ունեցել է հաղթանակ: Դա, իհարկե, Արցախյան պատերազմի հաղթանակն է, բայց մենք չկարողացանք ունենալ ազատ քաղաքացիներ: Քաղաքացու ազատագրման խնդիր է այսօր մեր առջև հարուցված: Ի վերջո` փաստաբան էի և գիտեմ, թե ինչպիսին է մեր քաղաքացին, և ինչպես են մեր քաղաքացուն ճնշում: Ինչպես են օգտագործում նրա նկատմամբ բռնաճնշումները և հենց այդ պետական կառույցների միջոցով, որից հետո դառնալով Ազգային ժողովի պատգամավոր` հասկանում եմ, որ եթե այն ժամանակ ես լոկալ, այսինքն` մեկ մարդու շահն էի առաջ տանում, նրա իրավունքները պաշտպանելով, այս պահին ես արդեն ստանձնել եմ շատ լուրջ պարտավորություն: Ամբողջ հասարակության շահը պետք է բարձրացվի և առաջ տարվի, որն էլ փորձում եմ տանել այս 5 տարիների ընթացքում: Այս պահի դրությամբ հաջողության նշանները կան: Երբ ես փաստաբան էի, դուք բանտում էիք, և շատ եմ ցավում, բայց, ըստ էության, այդ ժամանակաշրջանի առաջին քաղաքական հայացքների համար հետապնդվող անձն էիք, որից հետո ձերբակալվեցին և կալանավորվեցին Վարդան Մալխասյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Ալիկ Արզումանյանը և այլոք: Այդ շղթան հետո համալրվեց արդեն մարտի 1-ից հետո քաղաքական հայացքների համար հետապնդվող անձանցով, բայց ես հպարտ եմ, որ այս մարդիկ չեն կոտրվել: Հենց ձեր նման մարդկանց շնորհիվ էր, որ ասացինք և ապացուցեցինք, որ որևիցե խնդիր մենք չունենք գտնվելու ազատազրկման մեջ, որևէ խնդիր չունենք ազատվելու մեր տեսակետից և հետապնդելու ենք մեր կարծիքը:
– Ցանկացած առողջ երկրում քաղաքական օրակարգը ձևավորում է ընդդիմադիր հատվածը: Հայաստանում կարծես վերջին ակտիվ ժամանակահատվածը անցյալ տարի այս նույն ժամանակահատվածն էր, երբ «արաբական գարնան» ալիքը հասել էր Հայաստան և Հայաստանում հանրահավաքային բեղուն շրջան էր, ինչը շատ արագ ու սրընթաց անկում ապրեց, և ըստ էության ընդդիմությունը դրանից հետո,- արտախորհրդարանական, նաև խորհրդարանական,- կարծես թե ուշքի չեկավ: Այսօր քաղաքական օրակարգը, մեծ հաշվով, այլևս չի ձևավորում ո՛չ խորհրդարանական, ո՛չ արտախորհրդարանական ընդդիմությունը, ինչը բավական մտահոգիչ է, որովհետև այսօր գլխավոր ինտրիգը ԲՀԿ-ն է և այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ներկոալիցիոն հարաբերություններում: Այս ընտրություններին այդպիսի շանս տեսնո՞ւմ եք ընդդիմության համար, որպեսզի գա մի վիճակ, որ խորհրդարանում հայտնված ընդդիմադիր հատվածը կարողանա իսկապես օրակարգ ձևավորել և այդ օրակարգը պարտադրել իշխող հատվածին:
– Ես համոզված եմ, որ մենք իրապես այդ օրակարգը ձևավորելու ենք, որովհետև այլընտրանք չունենք: Ես այսօր խոսում եմ մեր ժողովրդի անունից, որի իրավունքը, կարծում եմ, մեր ժողովուրդը ինձ տրամադրել է: Եթե դու չունես այլընտրանք, ապա մնում է մեկը: Այդ մեկը հենց դա է, որ պետք է ձևավորվի իրապես ժողովրդի իշխանություն, և այսօր մեր ժողովուրդը դժգոհ է այս կարգերից, և մենք չենք գնում ուղղակի անձերի փոփոխության, մենք չենք գնում մեկ իշխանավորին փոխել մեկ այլ իշխանավորով, այլ մենք գնում ենք համակարգային փոփոխությունների: Այն փոփոխությունների, որի համար մենք պայքարել ենք և պայքարելու ենք և ապագան տեսնում ենք այդ փոփոխությունների շրջանակում: Մենք անձի պաշտամունքով չենք ուզում առաջնորդվել, որը տեսել ենք այս 20 տարիների ընթացքում: Մենք անձանց փոփոխությունների խնդիր չենք տեսնում, մենք որևէ անձի դեմ լինելու խնդիր չենք տեսնում: Մեր խնդիրը միայն հանուն մեր պետության, հանուն մեր ժողովրդի է: Հանունի մեջ մենք պետք է պայքարենք:
– Ձեր ցանկություններին զուգահեռ իշխող վարչակարգը` ՀՀԿ-ն մի կողմից, ԲՀԿ-ն` մյուս կողմից, ընտրակաշառքներ է բաժանում և տեղերում ապահովում իրեն ցանկալի «վստահությունը»: Շատերը խոսում են, որ ընտրությունների, ընտրողի, հայ քաղաքացու որակն է փոխվել: Այդ քաղաքացիները շարունակում են օգտվել այդ «բարիքներից» և կարծես կրկնվում է այն, ինչ տեղի է ունեցել մեր նորանկախ պատմության մեջ: Մարդիկ կգնան իրենց հասանելիք գումարը կամ ընտրակաշառքը կվերցնեն և կքվեարկեն այնպես, ինչպես ավանդաբար տեղի է ունենում: Ինչպե՞ս եք պատրաստվում համակարգային փոփոխությունների այս մթնոլորտում:
– Այս մթնոլորտը, իհարկե, արատավոր է և չի ընդունվում որևէ անձի կողմից: Նույնիսկ այն մարդու կողմից, ում պարտադրում են այդ գումարը վերցնել կամ ով կարիքը ունի այդ փոքրիկ գումարի: Սա որևիցե մեկի համար ընդունելի չէ, և այդ մարդիկ այդքան շատ էլ չեն: Ամբողջ խնդիրն այն է, որ ընդդիմությունը կարողանա ոչ թե ստանալ այդ ձայները, այլ պահի այդ ձայները: Մենք ստանալու ենք մեր ձայները և այսօր մենք բավականին կազմակերպված ենք, որ այդ ձայները պահենք, որպեսզի այն չգողանան:
– Այսինքն` ի տարբերություն 2007 թվականի, երբ Դուք պնդում էիք, որ շատ ավելի ձայներ ունեիք, քան Ձեզ վերագրեցին և չկարողացաք ապահովել, որովհետև չունեիք ընտրական հանձնաժողովներում համապատասխան ներկայացուցիչներ, այսօր ունեք և գտնում եք, որ կկարողանաք ապահովել:
– Այսօր ունենք: ՀՀ քաղաքացին բավական քաղաքականցված է և հասկանում է, որ իրապես այն ձայնը, որը պատկանում է իրեն, իր իշխանությունն է, և ինքը պետք է բանեցնի այդ իշխանությունը: Իշխանությունը, իհարկե, բանեցնում են ընտրությունների միջոցով, բայց իշխանությունը նաև բանեցնում են պահանջատիրության միջոցով, և եթե այն քաղաքացին, որի ձայնը տեղ չի հասել, իսկ դա մենք կտեսնենք մայիսի 7-ին, նա արդեն իր ձայնի, այդ իշխանության բանեցումը հայցելու է հրապարակներում բողոքի միջոցով, որովհետև եթե մեր իշխանությունները այսօր չեն ցանկանում ընտրություններ, մենք դրան էլ ենք պատրաստ: Ես` որպես ՀՀ քաղաքացի, որևիցե կաշկանդվածություն չունեմ այդ պայքարը տանել այլ տեղերում. մեզ են պատկանում նաև մեր հրապարակները: Վերջիվերջո Ազգային ժողովում լինելը, պատգամավոր դառնալը ինքնանպատակ չէ: Մեր նպատակն է իրապես այնպես հեղաշրջել ամեն ինչ, որպեսզի ընկնենք ճիշտ հունի մեջ, մինչ օրս այս 20 տարիներին գնում ենք սխալ հունով, և այս 20 տարին, որը պետք է լիներ Ազգահավաքի տարիներ` տեղի չունեցավ: Մեր ազգը ամբողջությամբ այս կամ այնտեղ, այս կամ այն երկրի համար է աշխատում, այս կամ այն երկրի համար են երեխաներ ունենում, այլ պետությունների համար են ունենում, բայց մեր պետության համար այսօր խնդիր ենք առաջացրել և երեխաներ չենք կարող ունենալ, ինչու որովհետև սոցիալական վատթար վիճակի մեջ է գտնվում մեր ժողովուրդը:
– Մարտի 1-ը Ձեր քաղաքական ուժի համար ի՞նչ նշանակություն ունի և ընդհանրապես` այս ընտրությունների համատեքստում: Դա իսկապես ձեզ համար անջրպե՞տ է և ընդհանրապես` հարաբերությունները քաղաքական գործիչների հետ պարզելու ինչ-որ հարթա՞կ է, հնարավորությո՞ւն: Ի՞նչ նշանակություն ունի:
– Իմ մեղքի բաժինը ես ևս ունեմ, որ տեղի է ունեցել մարտի 1: Մենք փաստորեն լինելով այդ օրը, այդ ժամերին, ժողովրդի մեջ ունենալով մեր առաջին «զոհը»` Արմեն Մարտիրոսյանին, որը դանակահարվեց, Աստծո շնորհիվ, իհարկե, իր կյանքին վտանգ չսպառնաց, բայց մենք չկարողացանք պաշտպանել այն 10 քաղաքացիներին, ովքեր զրկվեցին կյանքից, և այստեղ բոլոր քաղաքական ուժերը, ովքեր այդ գործընթացի մեջ են, բոլորս ենք, իհարկե, կրում պատասխանատվություն, չեմ ժխտում, որ նման հրաման` կրակել ժողովրդի վրա կարող էր այդ պահին տալ միայն թիվ մեկ բարձրաստիճան պաշտոնյան: Ես իմ մեղքը տեսնում եմ այնտեղ, որ մենք չկարողացանք լիարժեք պաշտպանել մեր քաղաքացիներին, որի պարտականությունը նաև մեր վրա էր դրված:
– Վարդան Օսկանյանի անմիջական մասնակցությանը մարտի 1-ի գործընթացների մեջ ինչպե՞ս եք վերաբերվում:
– Բացասական եմ վերաբերվում: Այսօր խոսվում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, խոսվում է ժողովրդավարության մասին:
– Այսօր Վարդան Օսկանյանը ընտրությունները վերահսկելու, ընդդիմության հետ միասնական շտաբ ստեղծելու մի փաստաթուղթ է ստեղծել, որի տակ Ձեր կուսակցության կողմից ևս ստորագրություն է դրվել Ռուբեն Հակոբյանի կողմից: Մարդ, որն առնչություն ունի, եթե ոչ ուղղակի մեղսակցություն մարտի 1-ին, այսօր Ձեր քաղաքական ուժը այդ մարդու հետ ստորագրում է մի փաստաթուղթ, որը ընտրական գործընթացները վերահսկելու միտում ունի, մարդ, որի հետևում երևում են Ռոբերտ Քոչարյանի ականջները:
– Փաստաթուղթը, կարծում եմ, պետք է ստորագրվի կուսակցությունների առաջնորդների կողմից: Նախնական աշխատանքային փաստաթուղթ է, սևագիր մի տեքստ, որը դեռ պետք է հղկվի, և իմ կարծիքով` դա պետք է ստորագրվի հենց առաջին դեմքերի կողմից, որպեսզի դիտարկվի ուղղակի վերլուծություն կամ ուղղակի մի մարդու անձնական կարծիք: Ինչ վերաբերում է այս մարդկանց աշխատանքի վերաբերյալ իմ գնահատականին, ապա կարող եմ ասել, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին այդ հրամանագիրը և այն դրույթը, որ պետք է ՀՀ զինված ուժերը մասնակցեն այդ գործընթացներին, ուղղակի հակասում է ՀՀ Սահմանադրությանը և այն ժամանակ էր հակասում, և այսօր էլ այն օրինագիծը, որը ընդունվեց` նույնպես հակասում է, և այս մարդիկ հրապարակավ պետք է իրենց ներողամտությունը հայցեն, և չենք վախենում արդար դատարանի միջոցով հանդես գալ որպես մեղադրյալներ և իրապես մեր նկատմամբ տեղի ունենա դատավարություն, և իրենք ներկայացնեն, թե ինչն էր իրենց կողմից ճիշտ կամ սխալ:
– Այսինքն` այն մեղադրանքները, որ մենք հնչեցնում ենք Վարդան Օսկանյանին` նա պետք է իրավունք ունենա պաշտպանել իր անմեղությունը դատարանում:
– Ներկայացնել իր կարծիքը, իր դիրքորոշումը և ասել նաև, որ ինքը իրապես մեղավոր չէ: Ես այսօր էլ մեղադրում եմ այդ հրամանագրի և՛ հեղինակին, և՛ հրամանագիրը գովազդող անձին: Սա ինձ համար ընդունելի չէ, և շատ եմ ցավում: Ազգային ժողովում այդ հրամանագրին հավանություն տված այդ բոլոր մարդիկ պետք է հասկանան, որ ՀՀ զինված ուժերը նման գործընթացների մեջ չի կարելի ներգրավել: Ես չեմ ուզենա, որ միջազգային դատարանը այս գործը քննի, բայց այնուամենայնիվ մենք այս գործին պետք է իրավական գնահատական տանք: Քաղաքական գնահատական տրվել է, բայց իրավական գնահատականից հետո նոր կարող ենք ասել, որ այս անձն էր իրական մեղավորը, այն մարդը մեղավոր չէր, ուներ իր ուրույն կարծիքը և նույնիսկ դեմ էր գնացել: Մի հստակ ճշմարտություն կա, որ նախագահի հրամանագիրը գովազդել է Վարդան Օսկանյանը: Նախապես, երբ դեռ փաստաթուղթը մուտք չէր գործել խորհրդարան, նա նախապես այդ մասին հայտարարեց:
– Դուք մեծամասնական ընտրակարգով առաջադրվում եք Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում: Ես ուզում եմ, որ տեղերում լինի մարդկանց հետ ձեր շփումը, մարդկանց վիճակը, նրանց տրամադրությունները, արտագաղթի նկատմամբ հակվածությունը կարողանաք գնահատել, հայ մարդը հնարավորություն ունենա Հայաստանում ապրել, ընտանիք կազմել: Այդ բարեկեցիկ միջավայրը ստեղծելու կարևոր պարտականություն ունեք Դուք` որպես օրենսդիր, ով ցանկանում է շարունակել իր գործունեությունը: Պատմեք շփումների մասին, ի՞նչ նոր խնդիրներ կարողացաք շատ կարճ ժամանակահատվածում ժողովրդի հետ շփումներում արձանագրել և ինչպե՞ս եք պատրաստվում այդ կարիքներին արագ արձագանքել:
– Հիմնականում մեր քաղաքացիները այսօր չունեն աշխատանք, իսկ ինչու չունեն, որովհետև համակարգը, որը ձևավորվել է այս 20 տարիների ընթացքում, ամբողջությամբ իրեն սպառել է և հնարավորություն չի ընձեռում քաղաքացուն իր հանապազօրյա հացը, ոչ միայն վաստակելու, այլև արժանապատիվ Հայաստանում ապրելու իրավունքը, փաստորեն, մեր քաղաքացին չունի: Համակարգային փոփոխությունների միջոցով և հենց այսպիսի ուժի միջոցով, ինչպիսին Ժառանգությունն է, կարծում եմ, մենք հնարավորություն ենք ընձեռելու մեր քաղաքացիներին ունենալ այդ աշխատանքը և արժանապատիվ կյանքը: Ինչո՞ւ է ՀՀ քաղաքացին գնում Հայաստանից, փոքր ձեռնարկատերը հնարավորություն չունի սպասարկել այդ ձեռնարկությունը, որովհետև տարբեր ոլորտներից միայն և միայն ճնշումների է ենթարկվում: Երիտասարդները տեսնում են, որ Հայաստանում գիտելիքները չեն գնահատվել, և աշխատանք են որոնում տարբեր երկրներում, գտնում են այդ աշխատանքը, ավելի լավ են վարձատրվում, և դա է պատճառը, որ նրանք լքում են հայրենիքը:
– Արտագաղթի մասին, փոքր և միջին ձեռնարկության ոլորտում խնդիրների մասին խոսում են այսօր նաև օլիգարխները: Օրինակ` Գագիկ Ծառուկյանը խոսում է, որ փոքր և միջին բիզնեսի պաշտպանությամբ պետք է զբաղվի, այն դեպքում, երբ ինքը մի շարք ոլորտներում ունի մենաշնորհներ և տնտեսության մեջ ունի իր շատ կարևոր և պատկառելի հատվածը: Այս մարդիկ, որ ուղղակի մասնակցություն ունեն երկրի կառավարման մեջ, մեղսակցություն ունեն արտագաղթի և նույն այս իրավիճակի համար, առաջին ընդդիմացողը այս իրավիճակին դառնում են հենց իրենք:
– Ամենալավ ապացույցը վերջին օրինագիծն է «Արտակարգ դրության» իրավիճակի մասին: Այս օրինագիծն ընդունվել է միայն և միայն ներկայիս գործող իշխանությունը պահելու համար: Երբևիցե որևէ ոստիկանի կողմից չես կարող պահել այսօրվա գործող ռեժիմը, որը գոյություն ունի: Պետք է ներգրավես, իհարկե, ՀՀ զինված ուժերը և նրա միջոցները, դրա միջոցով կարողանաս սպասարկել այն իշխանությանը, որը այսօր գոյություն ունի, և մեր պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող երեխաների միջոցով են փորձելու պահել գործող իշխանությունը, հենց դրա օգտին էլ այդ կուսակցությունը կողմ է քվեարկել: Եթե նրանցից մեկը փորձում է հանդես գալ ընդդիմադիր հայացքներով և մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել, և փորձում է նախընտրական քարոզչական շրջանում ձայներ ստանալ այդ միջոցով, միևնույն է` չի կարողանալու խաբել մեր հասարակությանը, որովհետև բոլորն էլ քաջ գիտակցում են` ինչ է տեղի ունենում:











































