Հունաստանի պաշտպանության նախկին նախարար Ակիս Տսոխատզոպուլոսն ապրիլի 11-ին ձերբակալվել է: Նրան կասկածում են Գերմանիայից սուզանավեր գնելու ժամանակ կաշառք վերցնելու մեջ: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրներին:
72-ամյա Տսոխատզոպուլոսը ձերբակալվել է Աթենքում իր տան մոտակայքում, ինչից հետո ֆինանսների նախարարության խարդախության դեմ պայքարի բաժնի ներկայացուցիչները նրան տեղափոխել են դատախազություն:
Հետաքննությունը կարծում է, որ նախարար լինելու ժամանակ Տսոխատզոպուլոսը կաշառք է վերցրել գերմանական HDW-Ferrostaal ընկերությունից՝ սուզանավեր գնելու պայմանագիր կնքելու համար:
Տսոխատզոպուլոսի հանդեպ գործի հետաքննությունը սկսվել է 2010 թվականին: Քննիչներին հետաքրքրել են նախկին նախարարի հարկային հաշվետվությունները, ինչպես նաև՝ նրա կողմից Աթենքի էլիտար թաղամասերից մեկում տուն ձեռք բերելու հանգամանքը:
Տսոխատզոպուլոսը «Համահունական սոցիալիստական շարժման» հիմնադիրներից մեկն է: Պաշտպանության նախարարի պաշտոնը նա զբաղեցրել է 1996-2001 թվականներին: Հունական կառավարությունը 2011 թ. նախկին նախարարին կաշառք վերցնելու մեջ կասկածելու պատճառով զրկել է քրեական հետապնդման անձեռնմխելիությունից:







































