Հարավչինական ծովում կոնֆլիկտ է տեղի ունեցել Չինաստանի ռազմածովային ուժերի երկու պարեկային նավերի և Ֆիլիպինների ռազմածովային ուժերի մոտորանավի միջև: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, ֆիլիպինյան նավը փորձել է ձերբակալել 8 չինական ձկնորսական նավեր, որոնք իբր խախտել են երկրի ջրային սահմանը, սական չինական նավերը խանգարել են նրանց դա անել:
Ֆիլիպինյան կողմի տվյալներով՝ իրենց հետախուզական ինքնաթիռը հայտնաբերել է չինական ձկնորսական նավերը՝ Սկարբորո խութի մոտ խարիսխ գցած, որից հետո այնտեղ է ուղարկվել «Գրեգորիո դել Պիլար» մոտորանավը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ֆիլիպինցի նավաստիները ապրիլի 10-ին զննել են չինական նավերը և դրանցից մեկում հայտնաբերել մեծ քանակությամբ անօրինական հավաքված մարջան, ինչպես նաև կենդանի շնաձկներ:
Ֆիլիպինյան մոտորանավի՝ Սկարբորո խութին մոտենալուց անմիջապես հետո այստեղ են եկել նաև երկու չինական պարեկային նավեր, որոնք կանգնել են չինական ձկնորսական նավերի և ֆիլիպինյան «Գրեգորիո դել Պիլարի» միջև: Ֆիլիպինների արտգործնախարարությունից հայտնել են, որ նման ձևով չինական կողմը փորձել է թույլ չտալ ձկնորսների ձերբակալությունը: Նախարարությունում ընդգծել են, որ դեպքի վայրը «Ֆիլիպինների տարածքի անբաժան մասն է»:
Մանիլայում Չինաստանի դեսպանատունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարել է, որ այդ շրջանը պատկանում է Չինաստանին, և ձկնորսներն այնտեղ գտնվել են օրինական կերպով: Ուստի Չինաստանը Ֆիլիպիններին կոչ է արել «անմիջապես դադարեցնել անօրինական գործողությունները և լքել տարածքը։
Ֆիլիպինների իշխանությունների ներկայացուցիչների խոսքերով՝ ապրիլի 11-ի դրությամբ Սկարբորո խութի շրջանում դրությունը չի փոխվել. նավերը շարունակում են մնալ իրենց տեղերում: Ավելին, AP աղբյուրների համաձայն՝ Ֆիլիպինները դեպքի վայր են ուղարկել ևս մի քանի ռազմանավ:
Սկարբորո խութն իրենից ներկայացնում է ոչ մեծ ժայռոտ կղզիների կուտակում՝ մոտ 150 քառ. մետր ընդհանուր տարածքով: Խութը համարվում է terra nullius և Չինաստանի, Ֆիլիպինների ու Թայվանի միջև տարածքային վեճերի առարկա է դարձել:










































