Ֆլորիդայում սևամորթ դեռահաս Թրեյվոն Մարտինին սպանած հասարակական պարեկ Ջորջ Ցիմերմանի երկու փաստաբանները հրաժարվել են պաշտպանել մեղադրյալին ՝ պատճառաբանելով, որ կորցրել են կապը նրա հետ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, փաստաբանները հայտարարել են, որ կիրակի օրվանից՝ ապրիլի 8-ից, չեն կարողանում հանդիպել նրան և ենթադրել են, որ, ամենայն հավանականությամբ, նա լքել է Ֆլորիդան: Իրավաբանները նաև նշել են, որ մտավախություններ ունեն՝ կապված նրա հոգեկան առողջության հետ:
Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին, հայտնի էր դարձել, որ Ցիմերմանին իր աջակցությունն է հայտնել therealgeorgezimmerman.com կայքը՝ հայտարարելով, որ սպանության և ԶԼՄ-ների լուսաբանման պատճառով Ցիմերմանը ստիպված է եղել հեռանալ տնից՝ թողնելով ընտանիքը և աշխատանքը:
Հիշեցնենք. սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 26-ին: Ցիմերմանը հավատացնում է, որ 17-ամյա դեռահասի տեսքն իրեն կասկածելի է թվացել, այդ պատճառով էլ կրակել է: ԶԼՄ-ները նրան մեղադրում են ռասիզմի մեջ:
Ոստիկանությունը Ցիմերմանի դեմ ապացույցներ չգտնելու պատճառով նրան չի ձերբակալել:









































