Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները մտադիր են մեծացնել սիրիական ընդդիմությանը տրամադրվող օգնությունը և դիմել ՄԱԿ–ի ԱԽ ու Միջազգային քրեական դատարան, եթե Սիրիայում նախագահ Բաշար Ասադի վարչակարգը չկատարի ՄԱԿ-ի և ԱՊԼ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի նախագիծը` ուղղված սիրիական ճգնաժամի կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը:
«Դեռևս ոչ մի ապացույց չկա, որ Ալ-Ասադի վարչակարգն ընդհանրապես մտադիր է կատարել իր խոստումները»,- հայտարարել է Հեյգը:
Նա նաև նշել է, որ այսօր առավոտյան ստեղծված իրավիճակը քննարկել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, իսկ օրվա երկրորդ կեսին մտադիր է զրուցել Անանի հետ:
«Նախագահ Ասադի և նրա կողմնակիցների մոտ չխետք է կասկածներ մնան, որ իրենք պատասխան են տալու իրենց գործողությունների համար: Բոլոր նրանք, ովքեր ազդեցություն ունեն սիրիական ղեկավարության վրա, ներառյալ՝ Ռուսաստանը, պարտավոր են աջակցել բռնության դադրեցմանը և մեկուսացնել վարչակարգը, որը վտանգ է ներկայացնում սիրիացի ժողովրդի համար»,- ասել է Հեյգը: