Ապրիլի 8-ին 83 տարեկանում վախճանվել է Commodore International ընկերության հիմնադիր Ջեք Թրեմիելը: Այս մասին հայտնում է Forbes-ը:
Թրեմիելը ծնվել է 1928 թ. Լեհաստանում, հրեական ընտանիքում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ընկել է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար, որտեղից տեղափոխվել է Ախլեմի աշխատանքային ճամբար, և 1945 թ. նրան այդտեղից ազատել են ամերիկյան բանակի զինվորները:
1947 թ. Թրեմիելը ներգաղթել է ԱՄՆ ու բացել այնտեղ տպագրական մեքենաների վերանորոգման արտադրամաս: 1950-ականերին նա տեղափոխվել է Կանադա: Նրա ընկերությունը` Commodore International-ը, նախ արտադրել է հաշվիչներ, իսկ 1977 թ. ներկայացրել է իր առաջին անհատական համակարգիչը` Commodore PET-ը:
PET-ի գլխավոր պատվիրատուները եղել էին գիտական հաստատությունների գիտնականները: Դրան եկավ փոխարինելու VIC-20-ը:
Commodore International-ի ամենահայտնի համակարգիչը մնում է Commodore 64-ը, որը ստեղծվեց 1982 թ.: Դրա հաջողությանը նպաստում էին այն ժամանակվա համար նորություն համարվող գրաֆիկան և ձայնը (C64-ի համար թողարկվել էին շատ խաղեր) ու ոչ բարձր գինը` 595 դոլար: С64-ը արտադրվում էր մինչ 1994 թ.:
11 տարում վաճառվել էր 17 մլն համակարգիչ։
Թրեմիելը 1984 թ. կոնֆլիկտից հետո հեռացավ ընկերությունից և գնեց Atari ընկերության մասը` դրա վրա հիմնելով Atari Corp.-ը: 1985 թ. նոր ընկերությունը արտադրեց Atari ST համակարգիչը:









































