Սպիտակ տունը մերժել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի խնդրանքը՝ բանտից ազատել իսրայելցի լրտես Ջոնաթան Փոլարդին: Ինչպես հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները, Պերեսն անձամբ խնդրանք էր ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում պաշտոնապես նրան խնդրում էր վերանայել Փոլարդի ցմահ բանտարկության վճիռը՝ մարդասիրական նկատառումներից ելնելով:
Սակայն Սպիտակ տան ներկայացուցիչ Թոմի Վիտորը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ը չի փոխել իր դիրքորոշումը Փոլարդի վերաբերյալ:
Իսրայելի օգտին լրտեսություն կատարելու համար ցմահ ազատազրկման ենթարկված Փոլարդը անցյալ ուրբաթ ուժեղ ցավերով տեղափոխվել էր հիվանդանոց: ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին վերլուծաբանը ազատազրկման մեջ անցկացրել է արդեն 26 տարի: Այժմ նա տառապում է մի քանի հիվանդություններով՝ դիաբետ, լեղապարկի և երիկամների, քթի խոռոչի, աչքերի և ոտքերի հիվանդությամբ:
Նախկին հետախույզի խնդիրը արդեն երկար տարիներ, ըստ էության, միակ խնդիրն է իսրայելա-ամերիկյան հարաբերություններում:











































