«Եթե «ժառանգությունը» որոշել է ընտրողին զարմացնել ժողովրդի կողմից սիրված երգիչ-երգահաններին իր քարոզչությանը ներգրավելով, ապա Հայ հեղափոխական դաշնակցությունը երեկ զարմացրել է տարբեր քաղաքական ուժերին հարող անձանց ներկայությամբ»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Բանն այն է, որ «ժառանգության» տեսահոլովակում երգում են Ռուբեն Հախվերդյանը, ով նախորդ ընտրություններում հանդես էր գալիս ՀՅԴ-ի օգտին, Ձախ Հարութը և երգահան Վահան Արծրունին: Իսկ ՀՅԴ երեկվա միջոցառմանը, որով կուսակցությունը հայտարարեց քարոզչության մեկնարկի մասին, մասնակցել ու ելույթ են ունեցել ԲՀԿ անդամ, Աժ նախկին պատգամավոր, ԲՀԿ ցուցակից դուրս մղված Վարդան Բոստանջյանը և նույնպես ԲՀԿ ցուցակում տեղ չզբաղեցրած «7 օր. am» կայքի սեփականատեր, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը»:
Իսկ ՀՅԴ դահլիճում գտնվող դեմքերից «Հրապարակ»-ի թղթակիցն առանձնացրել է «zham.am»-ի խմբագիր Երվանդ Բոզոյանին և Ռաֆայել Իշխանյանի կրտսեր որդուն` մեր գործընկեր Վահան Իշխանյանին:
«Անշուշտ, այս միջոցառմանը մասնակցելը ոչինչ չի նշանակում, բայց Վ. Բոստանջյանն ու Ա. Թևանյանը նաև ելույթներ են ունեցել և բարձր գնահատել ՀՅԴ նախընտրական ծրագիրը: Տնտեսագետ Բոստանջյանն անգամ նշել է, որ ՀՅԴ ծրագիրը հավակնոտ չէ, և այն հնարավոր է իրականացնել»:









































