Սիրիայում ապրիլի 9-ին ավելի քան 100 մարդ է զոհվել` ապստամբների վրա կառավարական զորքերի հարձակման արդյունքում: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, հղում անելով իրավապահ կազմակերպությունների տվյալներին, զոհվածների թվում կա սիրիական անվտանգության ուժերի 19 աշխատակից, մնացած զոհվածները եղել են խաղաղ բնակիչներ:
Հիմնական բախումները տեղի են ունեցել երկրի կենտրոնում՝ Համայում: Ցերեկը սիրիական զորքերը զինված օպերացիա են իրականացրել Լաթամնա քաղաքում, որից հետո տեղի են ունեցել բախումներ ապստամբների հետ: Իրավապահների տվյալներով՝ զինվորականներին օդով օգնություն են ցուցաբերել ուղղաթիռները:
Ապրիլի 10-ի առավոտյան լրանում է ժամկետը, երբ սիրիական զորքերը, համաձայն ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի, պետք է լքեն ապստամբ քաղաքները:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համաձայնել էր Անանի ծրագիրն իրականացնել, սակայն հարկ է նշել, որ ծրագրի հետ համաձայնելուց հետո սիրիական իշխանությունները հայտարարել էին, որ զորքերն ամբողջությամբ դուրս կբերվեն միայն ապստամբների կողմից կրակը դադարեցնելու գրավոր երաշխիքների դեպքում: Ապստամբների առաջնորդներն իրենց հերթին հրաժարվել են նման երաշխիքներ տալ, ինչն էլ խաղաղ կարգավորման ծրագրի իրականցումը սպառնալիքի տակ է դրել:









































