Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ`ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է բարձրացրել այս տարի եվրոպական երկրներին ու Թուրքիային հատկացվող գազի գինը: Եթե դա տեղի ունենա, ապա այդ երկրները ստիպված կլինեն հազար խորանարդ մետր ռուսական գազ գնելու համար վճարել 415 դոլար:
Մինչդեռ 2011 թվականին «Գազպրոմ»-ը Թուրքիային ու եվրոպական երկրներին հազար խորանարդ մետր գազը վաճառել է 384 դոլարով: Ընդհանուր առմամբ, «Գազպրոմ»-ը նախորդ տարի Եվրոպա է արտահանել 150 միլիարդ խորանարդ մետր գազ: Ռուսական կազմակերպությունը մտադիր է այս տարի այդ ցուցանիշն ավելացնել 2.6 տոկոսով՝ այն հասցնելով մինչև 154 միլիարդ խորանարդ մետրի:
2010 թվականին «Գազպրոմ»-ի համար եվրոպական շուկայի մասնաբաժինը կազմել է 23 տոկոս, ինչը 2011 թվականին հասցվել է մինչև 27 տոկոսի: «Գազպրոմ»-ը պլանավորել է 2020 թվականին այդ ցուցանիշը հասցնել 30 տոկոսի:











































