Լեգենդար «Տիտանիկի» կործանման հետ առնչություն ունեցող ավելի քան 200 հազար փաստաթուղթ է առաջին անգամ հրապարակվել այսօր համացանցում: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS գործակալությունը:
Ինչպես հաղորդել են բրիտանական զանգվածային լրատվամիջոցները, ինտերնետ-հրատարակությունը նվիրված է «Տիտանիկի» կործանման 100-ամյա տարելիցին, որը կնշվի այս շաբաթ:
Ծագումնաբանության մասին բրիտանական «Էնսեսթրի» կայքում հավաքված են նավի պատմությանը վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր, վկայություններ, այդ թվում` աղետի զոհ դարձած ու փրկված անձանց մասին տեղեկություններ: Պորտալի օգտատերերը կարող են ծանոթանալ նավի կապիտան Էդվարդ Սմիթի, ինչպես նաև ամերիկացի մագնատներ Բենյամին Գուգենհայմի և Ջոն Ջեյքսբս Աստորի կտակի բովանդակության հետ:
Բոլոր երեքն էլ եղել են այն 1.5 հազար ուղևորների թվում, ում չի հաջողվել փրկվել 1912 թ. ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը:
Պորտալում այցելուները կարող են տեսնել «ՏԻտանիկի» 121 ուղևորների տապանաքարերի լուսանկարները, ավելի քան 300 դատաբժշկական տեղեկանքներ աղետից հետո օվկիանոսից հայտնաբերված դիակների վերաբերյալ:
Հատուկ բաժնում ներկայացված է նաև «Կարպատիա» նավի օգնության շնորհիվ փրկված ավելի քան 700 մարդկանց ցուցակը:
Բելֆաստում ջուրն իջեցնելու պահին` 1911թ. մայիսի 31-ին, 296-մետրանոց «Տիտանիկը» եղել է աշխարհում խոշորագույն նավը: Նավը 1912 թ. ապրիլի 10-ին այն դուրս է եկել անգլիական Սաութհեմփթոն նավահանգստից և ուղևորվել Նյու Յորք: 4 օր անց նավը, որը համարվում էր անխորտակելի, խորտակվել է Ատլանտյան օվկիանոսում այսբերգի բախվելու հետևանքով:
2224 ուղևորներից և անձնակազմի անդամներից փրկվել են ավելի քան 1.5 հազար մարդ: Նավի բեկորները գտնվում են օվկիանոսի 3.8 հազար կմ խորության վրա:
Արխիվի անվճար դիտումը հնարավոր կլինի մինչև մայիսի 31-ը:









































